Տնտեսությունն ու քաղաքականությունը տարանջատված են, սակայն համապատասխան տնտեսության զարգացման համար նախապայմանները չկան: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Ես մի բան գիտեմ, որ աշխատող մարդն աղքատ չպետք է լինի: Եթե մարդն աշխատում է, պետք է կարողանա բարեկեցիկ պահի իր ընտանիքը: Սակայն այսօր մարդիկ գնում են աշխատանքի 80-100 հազար դրամ աշխատավարձ են ստանում, դա քիչ է: Դրա համար տնտեսական հեղափոխությունը պետք է հաշվարկված լինի»:
Հարցին, թե ինչու է ինքն ԱԺ պատգամավոր, եթե բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված են, ԲՀԿ առաջնորդը նշել է, որ ինքը բիզնեսմեն չէ. «Դու ի՞նչ ես ավարտել, կրթություն ունե՞ս»,-հարցրել է Ծառուկյանը լրագրողին:
Լրագրողի պատասխանին, որ ԵՊՀ-ն է ավարտել, պատգամավորը տարակուսեց. «Բա պետական համալսարանն ավարտածը լրագրող ի՞նչ գործ ունի»:
«Ժուռնալիստիկայի ֆակուլտետն եմ ավարտել, կարմիր դիպլոմով»,-պատասխանել է լրագրողը:
«Երևի լավ չես ավարտել, ծանոթով ես ավարտել: Ես գործարար չեմ, սեփականատեր եմ»,-ասել է պատգամավորը՝ կոչ անելով իրեն հունից չհանել. «Պատրաստ եմ ձեր ցանկացած հարցին պատասխանել: Ասում ա՝ ինչի ես պատգամավոր, բա ով լինեի, դո՞ւ ես ուզում պատգամավոր դառնալ, ի՞նչ ես անելու: Հիմա կեսից ավելին քո նման պատգամավոր են, որ քարը քարին դնել չգիտեն»: