Հայաստան 

ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը կողմ կքվեարկեն ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին

Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը կողմ կքվեարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին:


 Այս մասին Ազգային ժողովում ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի քննարկման ժամանակ տեղեկացրեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Այս պահին մեզ համար կարևոր է անվտանգության ապահովման և ամրապնդման հարցը: Իսկ ներկայիս անվտանգության համակարգին այլընտրանք չկա: Ավելին, Հայաստանը, Ռուսաստնաի հետ լինելով նույն անվտանգության համակարգում, չի կարող լինել մեկ այլ տնտեսական համակարգում Արևմուտքի հետ»,- նշեց Զուրաբյանը:


Նա նաև ընդգծեց, որ Հայաստանին այս պահին ՆԱՏՕ-ում ոչ ոք չի սպասում, իսկ Արևմուտքը, չունենալով Հարավային Կովկասում ռազմական միջամտության որևէ լիազորություն, առաջիկա տարիներին չի կարող անվտանգության երաշխավոր հանդիսանալ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար:


Նա ընդգծեց նաև, որ որոշումը կայացնելիս պետք է աչքի առաջ ունենալ այն, ինչ կատարվեց Ուկրաինայի հետ:


ԱԺ ԲՀԿ խմբակցությունը նույնպես կողմ կքվեարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրին: ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում նշեց, որ ԲՀԿ-ն կողմ է քվեարկելու պայմանագրին, քանի որ պայմանագիրը բխում է Հայաստանի շահերից: «Մենք այլ կերպ չենք էլ կարող քվեարկել: Եթե դեմ քվեարկենք, կնշանակի, որ մենք վնասում ենք Հայաստանի շահերը»,- նշեց Ուրիխանյանը:

Նույն շարքից