Հասարակություն 

Դրանով դուք Արթուր Վանեցյանին չեք հարվածում. Ո՞ւմ էր ակնարկում ԱԱԾ նախկին տնօրենը

Այսօր ՀՖՖ գործկոմի նիստից հետո ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը, խոսելով հավաքականի նոր մարզչի նշանակման շուրջ բարձրացած աղմուկի մասին, պարզաբանեց, թե ինչ է իրականում տեղի ունեցել և ում մեղավորությամբ է տեխնիկական սխալը եղել՝ նշելով, որ բարձրացած աղմուկը տեղին չէ:

Ինչ վերաբերում է մասնավորապես Արսեն Թորոսյանի հայտարարությանը, Վանեցյանն ասաց, որ վերջինիս պետք է հարցնել, թե ինչու է նման հայտարարություն արել. «Նա այսօրվա նիստին չի մասնակցել: Չգիտեմ, թե ինչու չէր մասնակցում»:

Արդյո՞ք քաղաքական դրդապատճառներ ինքը տեսնում է, թե՝ ոչ, Վանեցյանը նշեց, որ նման դրդապատճառներ չի տեսնում. «Տեսնում եմ ինչ-որ թեմայի շուրջ աղմուկ բարձրացնելու հետաքրքրություն: Առհասարակ ինչ արվում է ընդդեմ ֆուտբոլի, չի արվում ընդդեմ Արթուր Վանեցյանի, այն արվում է ընդդեմ հայկական ֆուտբոլի:

Հայկական ֆուտբոլի նկատմամբ ցանկացած ոտնձգություն անթույլատրելի է: Եկեք բոլորս միավորվենք և փորձենք ունենալ լավ ֆուտբոլ:

Դուք տեսաք, որ մենք լուրջ հաջողություններ ունենք, որոնք շարունակվելու են: Մենք 2019 թվականին մարզերում կառուցել ենք 52 փոքր դաշտ, դրանք հանձնել ենք երեխաներին, որպեսզի այնտեղ պարապեն: Դա շարունակական է լինելու, ունենալու ենք հաղթանակներ ու ֆուտբոլ»:

Հարցին՝ չի կարծում արդյո՞ք ինքը, որ հիմա քաղաքականությունն ու քաղաքական գործընթացները սկսել են ազդել ֆուտբոլի վրա, Վանեցյանը պատասխանեց, որ ինքը որևէ բան չի անում, որպեսզի լինի այն ամենը, ինչը կատարվում է. «Ես հրաժարականից հետո աշխատում եմ որևէ հանրային հայտարարություններ չանել, մասնակցություն չեմ ունենում այս կամային իրադարձություններին, բայց իմ ցանկացած հանդիպում, երկրից մեկնում դառնում է քննարկման առարկա:

Դա հերիք չէ, իմ հրաժարականից հետո որոշ լրատվամիջոցներ գրեթե ամեն օր կեղծ լուրեր են տարածում իմ մասին, որոնք չեն հաստատվել:

Ես իհարկե մշտապես կարող եմ հանդես գալ հերքումներով, սակայն չեմ ուզում դա անել, որպեսզի հանգստանան ու շարժվեն առաջ: Ուղղակի ասեմ, որ տարածվող տեղեկությունները, որոնցով փորձ է արվում սևացնել ինձ, իրականության հետ կապ չունեն:

Ես շնորհակալ եմ լրատվամիջոցներին, կոչ եմ անում հասարակությանը սատարել մեր հավաքականին, մեր ֆուտբոլին ու հավատալ, որ այն ունենալու է լավ ապագա»:

Նույն շարքից