«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարակից տարածքում ներկայացնում է «Ազատագրել քաղբանտարկյալ Արսեն Բաբայանի մարմինը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից» ֆուտուրիստական պերֆորմանսը:
Լրագրողների հետ զրույցում շարժման ղեկավար Նարեկ Մալյանը հայտնեց, որ նախատեսել են երեք ներկայացում՝ «Դեբիլների ապստամբություն» բալետը, որի համար սցենար գրելուց հետո դիմելու են ԿԳՄՍՆ գրանտ ստանալու համար, «Ազգ-կալանք» և «Թավշյա դդում» ռոք օպերաները, որոնց սցենարները մոտ օրերս պատրաստ կլինի. «Ուզում եմ նշել, որ այսօրվա ներկայացման ամբողջական բյուջեն կազմում է 52 հազար դրամ: Մենք դա անում ենք ինքնաֆինանսավորմամբ:
Ցանկանում ենք ցույց տալ ԿԳՄՍՆ-ին, թե ինչ ենք կարողանում անել, ինչից հետո կդիմենք նախարարությանը ֆինանսավորում ստանալու համար: Մեզ 2,7 միլիոն դրամ պետք չէ, ավելի քիչ գումար է պետք: ԿԳՄՍՆ-ի համար դժվար չի լինի տրամադրել փոքր գումար»:
Մալյանը նաև հայտնեց, որ ներկայացումներով հանդես են գալու Հայաստանից դուրս, ինչի համար բանակցություններն արդեն տարվում են: