Հայաստան Քաղաքական 

Քաղաքական դաշտում ապագան նոր քաղաքական ուժերինն է. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քաղաքական դաշտում ապագան նոր քաղաքական ուժերինն է։ Իրենց սպառած, ժողովրդին բազմիցս խաբած և վստահությունը մսխած քաղաքական ուժերն ու անձինք անցած փուլ են։ Նրանց վրա կառուցված ցանկացած քաղաքական հաշվարկ ու գործընթաց փլվելու է իրենց գլխին, և իրենք մնալու են դրանց փլատակների տակ։

Մյուս կողմից ակնհայտ է, որ գործող քաղաքական իշխանությանը համարժեք քաղաքական այլընտրանքի բացակայությունը կարող է հնարավորություն տալ, որ որոշակի շրջանակների խաթարված մտածողության ու կենսակերպի, իսկ ավելի պարզ՝ Հայաստանի բնականոն զարգացումը վիժեցրած ընկալումներն ու դրսևորումները որոշ ժամանակ հետո հաղթող դուրս գան՝ խժռելով հասարակության կողմից իրականացված փոփոխությունների արդյունքը:

Որպեսզի երկրում իրականացվեն լրջագույն բարեփոխումներ և տեղի ունենա իսկական ԲԵԿՈՒՄ, չափից դուրս կարևոր է քաղաքական համակարգի առողջացումն ու իրական քաղաքական այլընտրանքի ձևավորումը, որով հնարավոր կլինի ապահովել քաղաքական համակարգի հավասարակշռվածությունն ու պետության բնականոն զարգացումը:

Քաղաքական այդ այլընտրանքը պետք է լինի գաղափարական, ինտելեկտուալ, կրթված, ունենա պետության զարգացման ռազմավարական հայեցակարգ, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները լուծելու համարձակություն ու քաղաքական խիզախություն և վերջապես՝ պատրաստ լինի ստանձնել Հայաստանի հաջորդ իշխանությունը:

Օբյեկտիվորեն քաղաքական համակարգի բալանսն այսօր խախտված է. ունենք օրինական ընտրությունների արդյունքում ընտրված քաղաքական իշխանություն և չունենք անհրաժեշտ ազդեցություն ունեցող և քաղաքական իշխանությանը հակակշռող քաղաքական այլընտրանք:

Որպեսզի քաղաքական իշխանությունը չլճանա և դառնա անվերահսկելի, իսկ մեր երկիրն էլ զարգանա բնականոն հունով, վերը նշված վտանգները չեզոքացնելու, անձնակենտրոն քաղաքական իշխանությունից և նշված սցենարից խուսափելու և մեր իրական արժեհամակարգին ու ազգային ինքնությանը հարիր պետության կայացման համար անհրաժեշտ է հնարավորինս արագ ձևավորել այդ այլընտրանքը՝ արձանագրելով, որ մեզ արդար Հայաստան է պետք, որտեղ իրավունքի և օրենքի գերակայությունը կլինի անբեկանելի և անշրջելի համակարգ, որտեղ իրավական պետության փիլիսոփայությունը կդառնա կյանքի նորմ սոցիալական բոլոր շերտերի համար, որտեղ բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ: Մի քանի ամիս անց հնարավորություն կունենանք առավել մանրամասն խոսելու այս մասին և առավել մեծ ու ազդեցիկ քաղաքական ուժի հնարավոր հայտի մասին»:

Նույն շարքից