Շփման գծի ամբողջ երկայնքով Պաշտպանական բանակի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը` անդրադառնալով մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը` ժամը 02:55-ի սահմաններում, հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական կողմից ձեռնարկված հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձին:
ՀՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ դիվերսիոն հետախուզական գործողության այլ մանրամասները ճշտվում են:
«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են պատասխան գործողությունների և, նրանց պատճառելով նշանակալի կորուստ, հետ շպրտել ելման դիրքեր: Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում պաշտպանության բանակն ունեցել է մեկ կորուստ: Հակառակորդի դեմ ծավալված մերձամարտում զոհվել է ՊԲ զինծառայող, եֆրեյտոր, 1995թ. ծնված Էրիկ Վիլենի Գասպարյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Էրիկ Գասպարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- նշված է հաղորդագրության մեջ: