Հասարակություն 

Սահմանվել է անվանական կրթաթոշակ` օլիմպիադաներում բարձր արդյունք ցուցաբերած աշակերտների համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով 2020 թվականի հունվարի 1-ից կգործի հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի տրամադրման նոր կարգը։ Այս մասին հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից:

Հրամանի համաձայն՝ մեկ տարի ժամանակով ամսական նշված չափի կրթաթոշակ կարող են ստանալ հանրակրթական ուսումնական հաստատությունների այն սովորողները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին`

միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ․

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 25․000 դրամ
  • ​երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 20․000 դրամ
  • ​երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ
  • ​եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ 10․000 դրամ

միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ.

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 15․000 դրամ
  • ​երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,

 ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ).

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10․000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7․500 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5․000 դրամ:

Կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով` մեկ տարվա համար (ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ):

Սահմանվել է նաև, որ կրթաթոշակ ստացողների ցանկում միաժամանակ երկու կամ երեք հիմքով ընդգրկվելու դեպքում սովորողը կստանա կրթաթոշակ՝ դրանց հանրագումարի չափով:

Տեղեկացնենք, որ 2020 թ. պետական բյուջեի նախագծում ԿԳՄՍ նախարարության անվանական կրթաթոշակի համար նախատեսվել է ավելի քան 35 մլն դրամ, որը կտրամադրվի օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած շուրջ 370 աշակերտի:

Համեմատության համար նշենք, որ 2018 թ. մասնագիտացված կրթական ծրագրեր իրականացնող դպրոցների գերազանց առաջադիմությամբ, ինչպես նաև հանրապետական և միջազգային օլիմպիադաներում բարձր արդյունքներ ցուցաբերած շուրջ 300 աշակերտի կրթաթոշակի համար  հատկացվել է մոտ 13 մլն դրամ:

Ընդ որում, նշված 300 աշակերտներն ընդգրկված են եղել մասնագիտացված 4 դպրոցներում, իսկ նախարարության անվանական կրթաթոշակը նախատեսված է ՀՀ բոլոր դպրոցների համար, եթե այդ դպրոցներում կան սահմանված չափանիշներին բավարարող աշակերտներ:

Նույն շարքից