Բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ճանապարհին մեզ մոտ ամենամեծ խնդիրը կրթությունն է, մենք չունենք անհրաժեշտ մակարդակի, անհրաժեշտ քանակությամբ ինժեներներ, ծրագրավորման մասնագետներ, ովքեր կարող են ամեն ինչին նպաստել: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Աղասի Ենոքյանը՝ խոսելով կրթական ոլորտում բարեփոխումների մասին և հավելելով, որ առարկաների խնդիրները մեկը մյուսի հաշվին չպետք է լուծվեն. «Ե՛վ դպրոցում պետք է ուժեղացվի Հայոց լեզվի ուսուցումը, և՛ բուհերում պետք է ուժեղացվի մասնագիտական առարկաների դասավանդումը, և՛ պետք հումանիտար առարկաներ ուսուցանվեն բոլոր ֆակուլտետներում»:
Ենոքյանի խոսքերով, Հայաստանում այսօր ամենահիմնական խնդիրը ոչ թե կոռուպցիան կամ ՍԴ նախագահն են, այլ կրթությունն է, որին չափազանց քիչ ուշադրություն է դարձվում. «Այնպես որ ես կարծում եմ, որ ԿԳՄՍ նախարարից դժգոհությունը տեղին է»:
Խոսելով «Հուզանք ու զանգ» ներկայացման մասին՝ բանախոսը նշեց, որ շատերն այստեղ դավադրություն են տեսնում, իսկ ինքն այդքան չէր խորանա. «Կարծում եմ, որ ուղղակի խնդիրն այն է, որ Հայաստանում չկա հստակ մշակված քաղաքականություն: Դա վերաբերում է բոլոր բնագավառներին, ոչ թե միայն մշակույթի կամ կրթության: Այդ պատճառով պաշտոնյաներն ինչ-որ բառեր, պատառիկներ են լսում ու ինչ-որ պատկերացումներ կազմում:
Օրինակ «մոդեռնիզացիան» իրենք համարում են սեռափոխված ծանրամարտիկի մասին ֆիլմի նկարահանումը: Ես այստեղ վատ միտում չեմ տեսնում, տեսնում եմ անգիտություն և քաղաքականության բացակայություն:
Նույն մոդեռնիազացիայի անվան տակ գնում է «Հուզանք ու զանգ» անճաշակությունը, որը որևէ էական բան չի տալիս:
Շատ լավ, թող փորձեն, թող ֆինանսավորում գտնեն, ոչ թե անեն պետական փողերով: Իսկ պետական փողեր տալիս են, քանի որ չկա քաղաքականություն:
Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ուղենիշներ չի տալիս: Հռչակել էին կոռուպցիայի դեմ պայքար, մեկ էլ տեսանք, որ սկսեցին կոռուպցիոներներ հայտնաբերել, սակայն մինչև հիմա դեռ գոնե մեկ ավարտված գործ չկա այդ մասով: Հռչակեցին մոդեռնիզացիա, որը սասրափելի կամ ծիծաղելի արդյունք է տալիս:
Ի դեպ, քաղաքականության բացակայությունը զարմանալի չէ, քանի որ Նիկոլ Փաշինյանը հենց սկզբից էր հայտարարել, որ իրենց մոտ «իզմ»-եր չեն լինելու, այսինքն լինելու է գաղափարախոսություն, քաղաքականություն: Բանն այն է, որ ոչ մի պաշտոնյան չգիտի, թե որ ուղղությամբ պետք է գնա»: