Քաղաքական 

Մեր լավ ապրելու խնդիրը բերեցին ու հասցրեցին մինչ Արսեն Բաբայանին նստեցնելը. Աղասի Ենոքյան

Հայտարարել էին, որ հեղափոխությունն արվել է, որպեսզի լավ ապրենք: Հաջորդ քայլով հայտարարվեց, որ լավ ապրելու համար պետք է արդարություն լինի, հետո ասացին, որ արդարության համար Ռոբերտ Քոչարյանը պետք է նստի, հետո ասացին, որ դրա համար պետք է Հրայր Թովմասյանին հանեն, հիմա բացատրում են, որ Հրայր Թովմասյանին հանելու համար պետք է Արսեն Բաբայանին նստեցնեն: Այսինքն մեր լավ ապրելու խնդիրը եկավ ու հասավ մինչ Արսեն Բաբայանին նստեցնելը: Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը, ում խոսքերով իրականում մանիպուլյացիոն քաղաքականություն է վարվում, որպեսզի գործադիր իշխանությունն ամբողջական իշխանություն ստանա բոլոր ճյուղերում:

«Ես տեսնում եմ, որ հիմա արդեն 4-րդ իշխանությունը գրավելու փորձեր են արվում։ Կա նաև Արցախում իշխանությունը վերցնելու մտադրություն: Այսինքն, այսօրվա իշխանությունը փորձում է ստանալ ամբողջական իշխանություն: Պետք չէ մոռանալ Սահմանադրության մասին, որի գործն իշխանության տարանջատումն է: Բոլոր իշխանությունների ցանկությունն է ավելի շատ իշխանություն ստանալ, սակայն ամեն ինչ պետք է կատարվի, սահմանադրության, օրենքներիի, բարոյականության շրջանակներում: Մեր իշխանությունը չի ընդունում այդ սահմանները»:

«Նրանք ասում են, որ 70 տոկոս քվե են ստացել ու ամեն ինչ իրենք պետք է որոշեն»,-հավելեց Ենոքյանը:

Քաղաքագետի խոսքերով, այսօր խնդիր է նաև ընդդիմության բացակայությունը. «Մենք այսօր ԱԺ-ում իրենց ընդդիմություն կոչող խմբեր ունենք, սակայն հաճախ տեսնում ենք, որ նրանք իշխանության երկրորդ ձեռքն են: Խորհրդարանից դուրս էլ չունենք կազմակերպված ընդդիմադիր խմբեր, որոնք իշխանությանը հայտ կներկայացնեն»,-ասաց բանախոսը՝ խոսելով նաև «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման երեկվա ներկայացման մասին և ընդգծելով դրա քաղաքական բնույթը:

Ստացվում է, որ մի կողմից ընդդիմություն չկա, մյուս կողմից իշխանությունն ուզում է ավելի շատ իշխանություն վերցնել:

Նույն շարքից