Հասարակություն Տեսանյութեր 

Եթե նման բան կա, խոստանում եմ, որ կուղղեմ․ Նիկոլ Փաշինյանը դաշնակցականների հետ զրուցեց Արայիկ Հարությունյանի մասին

analitik.am

ՀՅԴ երիտասարդներն արդեն երկրորդ օրն է ակցիա են անում ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ գնում է ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու։ Նշենք, որ այս երկու նախարարությունները մեկ շենքում են, հետևաբար վարչապետի ու ակցիայի մասնակիցների հանդիպումն անխուսափելի էր:

Դաշնակցական երիտասարդներից մեկը վարչապետին հիշեցրեց նախարար Հարությունյանի խոսքերի մասին, ով ՀՅԴ-ի պահվածքն անդաստիարակ էր անվանել:

«Ո՞նց կարող է ժամանակակից Հայաստանում անհամաձայնություն արտահայտողին անվանել անդաստիարակ: Կարող ա առանձին դեպք է եղել»,-ասաց վարչապետը՝ հայտարարելով, որ չի կիսում դաշնակցության պահանջներից և գնահատականներից գոնե մեկը:

Դիտարկմանը, որ հասարակությունն է կիսում, վարչապետն ասաց, որ կասկածում է:

Հարցին, թե ինքն Արայիկ Հարությունյանի հետ հանդիպելու է արդյո՞ք, վարչապետն ասաց, որ վերջինիս շատ հաճախ է հանդիպում:

«Մենք խնդրում ենք նրան ժետոն փոխանցել, որպեսզի մետրոյով գնա ու տեսնի, թե ինչ է իր մասին ասում հասարակությունը»,-ասաց դաշնակցական երիտասարդը:

Վարչապետի խնդրանքին արձագանքելով՝ երիտասարդը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանը տապալել է կրթության ոլորտը:

«Ի՞նչ է տապալել: Եթե թալանչի լիներ, ընդունելության քննություններին փող առներ, չէին բողոքի, չէ՞»,-արձագանքեց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանը չի իրականացնում Հայաստանում կրթական քաղաքականությունը, կառավարությունն է իրականացնում. «Ես կառավարության նիստում խոսել եմ այդ մասին: Ես չեմ կիսում տեսակետը, որ փորձ է արվում վախեր սերմանել մարդկանց մեջ: Մեր կառավարությունից ազգային կառավարություն երբեք չի եղել»:

Երիտասարդը հայտարարեց, որ ԿԳՄՍ նախարարը խուսափում է իր ընդդիմախոսներին լսելուց:

«Եթե լսելու խնդիր կա, ես երաշխավորում եմ, որ դա կուղղվի: Բայց օրինակ ես եկել ու լսում եմ: Հիմա դուք ինձ ասում եք, որ Արայիկ Հարությունյանը բոլոր դաշնակցականներին անվանել է անդաստիարակ, չի կարող նման բան ասած լինել»,-ասաց վարչապետը:

Ավելի վաղ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ ՀՅԴ-ի պահվածքն անդաստիարակ է ու կոչ էր արել դրսի դաշնակցականներին տեր կանգնել կուսակցությանը:

Նույն շարքից