Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

Ֆիլմը մեր չեմպիոնի մասին է, ով բարձրացրել է Հայաստանի դրոշը. Նիկոլ Փաշինյանը՝ Մելինե Դալուզյանի վերաբերյալ ֆիլմի մասին

analitik.am

ՀՅԴ երիտասարդներն արդեն երկրորդ օրն է ակցիա են անում ԿԳՄՍ նախարարության մոտ՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Քիչ առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնեց, որ գնում է ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը և դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու։ Նշենք, որ այս երկու նախարարությունները մեկ շենքում են, հետևաբար վարչապետի ու ակցիայի մասնակիցների հանդիպումն անխուսափելի էր:

Ակցիայի մասնակցիները Փաշինյանի հետ խոսեցին նաև Մելինե Դալուզյանի վերաբերյալ ֆիլմի մասին՝ բարձրացնելով իրենց բողոքի ձայնը:

«Մարդը, ում մասին դուք խոսում եք, Եվրոպայի եռակի չեմպիոն է»,-ասաց Փաշինյանը:

«Եվ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից»,-հայտարարեցին ներկաները:

«Շատ մարդիկ կան, որ հրաժարվել են ՀՀ քաղաքացիությունից: Մելինե Դալուզյանը Եվրոպայի եռակի չեմպիոն է և երեք անգամ բարձրացրել է Հայաստանի դրոշը, երեք անգամ հնչել է Հայաստանի զինանշանը (նկատի ուներ՝ հիմնը): Աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ ֆիլմ են նկարահանում մեր չեմպիոնի մասին՝ իրականացնելով ֆինանսավորման 90 տոկոսը: Դրանք այնպիսի երկրներ են, որ տասնյակ միլիոնավոր դոլարների օգնություն են ցուցաբերում Հայաստանին: Եթե պետք է մի փոքր էլ մենք ֆինանսավորենք, չանե՞նք»,-ասաց վարչապետը:

«Ի՞նչ ուղերձ կա ֆիլմում, ի՞նչ պետք է սովորեն ապագա սերունդները: Նման ֆիլմ է ֆինանսավորվում, սակայն պետությունը մերժում է ֆինանսավորել մեր թագավորների մասին ֆիլմերը»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

«Նախ ես՝ ինքս, խնդիր եմ դրել, որ մեր բոլոր թագավորների մասին նախագիծ արվի»,-ասաց վարչապետը:

Կրկին խոսելով Դալուզյանի մասին՝ վարչապետը հայտարարեց, որ ֆիլմը Եվրոպայի եռակի չեմպիոնի մասին է, ում պատվին բարձրացվել է Հայաստանի դրոշը. «Եթե մենք սրանից հետո բոլորից, այդ թվում՝ ցույցերի մասնակիցներից, պետք է տեղեկանք ուզենք իրենց կյանքի մասին, եկեք օրենք ընդունենք ու այդպես անենք»:

Դիտարկմանը, որ ֆիլմը ոչ թե սպորտային հաջողությունների մասին է, այլ նրա սեռափոխվածության, վարչապետը հայտարարեց, որ իր ընկալմամբ, ֆիլմը մարդու մասին է. «Այն մեր չեմպիոնի մասին է: Մենք ֆինանսավորում ենք ֆիլմի այն հատվածը, որը մեր չեմպիոնի մասին է»:

Նույն շարքից