Քաղաքական 

Հայկական զինված ուժերը սպառազինության առումով հետ չեն մնում հակառակորդից. Սեյրան Օհանյան

Ռուսական կողմի հետ հանդիպումների ժամանակ քննարկվում է Ռուսաստանի` Ադրբեջանին զենք վաճառելու հարցն ու ներկայացվում են հայկական կողմի մտահոգությունները: Սակայն մտահոգություններին զուգահեռ, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հավաստիացնում է, որ իրավիճակը վերահսկողության ներքո է և հայկական ուժերը հետ չեն մնում հակառակորդից:  

 

«Յուրաքանչյուր պետություն իր հնարավորության, քաղաքականության և գործունեության շնորհիվ իրավունք ունի համապատասխան գործարք կնքել: Ես դրանում մեծ քաղաքականություն չեմ տեսնում: Ռազմատեխնիկական համագործակցությունը ՀՀ և ՌԴ-ի միջև շատ ավելի բարձ մակարդակի վրա է, փոխադարձ աջակցությունն ավելի լայն է, քանի որ Ռուսաստանի հետ Հայաստանը ռազմավարական դաշնակից է, և դա ավելի սերտ համագործակցություն է, քան այն բիզնես-գործարքները, որ իրակացնում են այլ պետությունների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Օհանյանը` շեշտելով, որ Ադրբեջանի սպառազինությունը համապատասխան վերահսկողության ներքո է, և հայկական զինված ուժերն այնքան էլ հետ չեն մնում:

 

«Եթե հրադադարից հետո, այս տարիների ընթացքում առանց երրորդ ուժի, ուժերի հավասարակշռությամբ, որակական և մարտական ոգու բարձր լինելով ապահովել ենք «ոչ խաղաղություն ոչ պատերազմ» իրավիճակ, դա նշանակում է, որ հայկական զինված ուժերը մրցունակ են և նրա հետ տարածաշրջանում հաշվի են նստում»,- ասաց Սեյրան Օհանյանը: 

 

Օրեր առաջ հրապարակվեց, որ մոտ ժամանակներս Ռուսաստանը Ադրբեջան կմատակարարի վերջինիս կողմից պատվիրված TOS-1A հրանետների հերթական խմբաքանակը: Հրանետների հերթական խմբաքանակը կազմված կլինի 6 մեքենայից:  

 

Նույն շարքից