Հասարակություն 

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Գետարգելի եկեղեցում. մեկնաբանում է եկեղեցու հոգևոր հովիվը

Ոստիկանությունն օրերս ահազանգ էր ստացել, որ Գետարգել եկեղեցու հարակից տարածքում թափված են սրբապատկերներ ու եկեղեցական պարագաներ։

Թե ի՞նչ է պատահել սրբապատկերների և եկեղեցական պարագաների հետ և ինչու են հայտնվել ձորակում՝ Analitik.am-ը զրուցեց Կոտայքի թեմի Առինջ գյուղի Սուրբ Աստվածածին և Սուրբ Հովհաննես եկեղեցիների և Գետարգել վանքի հոգևոր հովիվ տեր Սմբատ քահանա Սարգսյանի հետ:

Նա հաղորդեց, որ տարիներ շարունակ մարդիկ իրենց տանը գտնվող սրբապատկերները կամ գրականությունը բերել են եկեղեցի, առանց այդ մասին տեղյակ պահելու եկեղեցու հոգևոր հովիվին:

«Հիմնականում երկյուղածությունից ելնելով դեն չեն նետում, այլ բերում-դնում են եկեղեցում, այսպես տարիներ շարունակ զգալի քանակ էր կուտակվել, անգամ խանգարում էր եկեղեցական ծիսակարգին և պատարագին։ Այնքան շատ էր, որ ընկնում էր ոտքի տակ»,-ասաց նա և հավելեց, որ տարիներ առաջ այդ իրերը հավաքվել և պահեստավորվել է եկեղեցու տարածքից դուրս գտնվող պահեստում:

Երբ եկեղեցում վերանորոգում է սկսվել և պահեստը քանդել են, կուտակված գրականությունը և սրբապատկերներն ուղղակի տեղ չի եղել դնելու:

Ըստ տեր Սմբատի, եթե որևէ մեկը ցանկանում է սրբապատկերներ, բրոշյուրներ բերել, այդ մասին պետք է տեղյակ պահել քահանային: Շատ դեպքերում այդ իրերը մշակութային և հնեաբանական արժեք չեն ներկայացնում:

«Ես նույնիսկ տեղյակ էլ չեմ եղել, որ նման գրքեր են բերել, թյուրիմացաբար այնտեղ Աստվածաշնչեր էլ են եղել, թեև աղանդավորական: Մարդիկ անգամ չեն էլ իմացել ինչ են բերել»,-ասաց քահանան և նշեց, որ պետք է տեղյակ լիներ, որ այդ գրքերի մեջ հատկապես աղանդավորական հրատարակություն կա:

Հարցին, գուցե միտումնավո՞ր են աղանդավորական գրքեր բերվել եկեղեցի, ասաց, թե իրեն թույլ չի տալիս, որ որևէ մեկին կասկածի նման արարքի մեջ:

«Անհաշվենկատ վերաբերմունք կա եկեղեցու նկատմամբ։ Երբ հիվանդանոցին ուզում են սարքավորում նվիրել, չեն մտնում վերակենդանացման բաժանմունք ու սարքերը դնում այնտեղ, այլ դիմում են բժշկին ու տեղյակ պահում սարքավորումենրի մասին: Եկեղեցու հոգևորականին էլ պետք է տեղյակ պահել, թե ինչ են ցանկանում բերել եկեղեցի. խնդիրն այստեղից է առաջանում»,-ասաց տեր Սմբատ քահանա Սարգսյանը:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից