Հասարակություն 

Ո՞վ է ասում, որ ազգայինն առաջադեմ չէ. Միհրան Հակոբյան

analitik.am

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ու Միհրան Հակոբյանը հանդիպել են  ԿԳՄՍ նախարարության դիմաց նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների հետ:

Միհրան Հակոբյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Հայոց լեզվի ու Հայոց պատմության վերաբերյալ նախագիծն իրոք վիճահարույց է, չի կարելի մատների արանքով նայել խնդիրներին. «Մատների արանքով նայելու հետևանքով է, որ վարչապետն այսօր հայտարարում է, թե մենք կովկասցիներ ենք: Չի կարելի կրթությանը, հատկապես՝ ազգային կրթությանը մատների արանքով նայել:

Ողջունելի է, որ Հայաստանում կան երիտասարդներ, խմբեր, ովքեր իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ ստիպելով իշխանություններին վերանայել շատ կասկածելի որոշումները: Գլոբալացվող, 21-րդ դարում, երբ ազգային կրթության հետ կապված ռեֆորմի անվան տակ քայլեր են կատարվում, հետևանքները կարող են լինել կործանարար»:

Հակոբյանի խոսքերով, նույն ֆիզիկոսը, քիմիկոսը կամ մաթեմատիկոսը հետո դպրոցներում աշակերտներին դասավանդելու համար նորմալ հայերեն պետք է իմանան, նորմալ խոսքին տիրապետեն:

Քաղաքական գործիչը համաձայն չէ, որ ազգայինն առաջադեմ չէ. «Ո՞վ է նման բան ասել:  Խորհրդային տարիներին կային քաղքենիներ, ովքեր ռուսերեն էին խոսում ու հայերեն խոսացողներին ձեռք առնում: Հետո եկան անգլերեն խոսացող քաղքենիները:

Մենք պետք է պահպանենք մեր ինքնությունը, որի հիմքում Հայոց լեզուն ու Հայ եկեղեցին են: Եթե հիմքը տակից հանենք, ի՞նչ տարբերություն կմնա մեր ու մյուս ազգերի միջև: Այն, ինչը մեզ օգնել է 5000 տարի ապրել, պետք է զարգացնել, ոչ թե քանդել»:

Նույն շարքից