Արաբական Միացյալ Էմիրությունները Հայաստանում դեսպանություն կբացի: Ազգային ժողովում ՀՀ 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանը՝ ներկայացնելով ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: «Օրերս մենք ստացել են պաշտոնական հայտագիր, որով Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից ներկայացված է դեսպանի թեկնածություն»,- ասել է փոխնախարարը:
ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ դեսպանության բացման հարցը մի քանի ամսվա խնդիր է, որը կնպաստի երկու երկրների կապերի խորացմանը: Նա հատկապես կարևորեց ԱՄԷ-ի հետ տնտեսական ակտիվ կապերի ընդլայնումը:
Նախարարի տեղկալի խոսքով` Հայաստանի Հանրապետության ուշադրության կենտրոնում են եղել արաբական աշխարհում տեղի ունեցող զարգացումները: «Ջանքեր են ուղղվել սիրիահայերի անվտանգության ապահովման և առաջ եկած խնդիրների լուծման ուղղությամբ: Քայլեր են ձեռնարկվել արաբական երկրների հետ ավանդական հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ»,- ասաց նա: