Հասարակություն 

‹‹Ազնավուր հիմնադրամը›› 10 մլն դրամ է նվիրաբերել ‹‹Ժպիտների քաղաք›› հիմնադրամին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 8-ին ներկա է գտնվել «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքին։ Գալա ընթրիքին ներկա են գտնվել Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները, «Joef Gipsy kings Family» խմբի մենակատար Ջոեֆ  Ֆարգիերը, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը, բազմաթիվ գործարարներ, արվեստի, մշակույթի, հասարակական գործիչներ, բժիշկներ։

Իր խոսքում Աննա Հակոբյանը պատմել է, որ եղել է աշխարհի բազմաթիվ երկրների արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոններում և համոզվել, որ ի տարբերություն մեր երկրի, այդտեղ սարսափ չկա քաղցկեղի հանդեպ և այն միանգամայն հաղթահարելի հիվանդություն է։ «Հարց կառաջանա՝ իսկ ինչպե՞ս են հասել այս երկրներում նման արդյունքի:

Պարզապես կարևորել են, նպատակ են դրել և զարգացրել են իրենց բժշկությունը, տեխնիկական հնարավորությունները, սպասարկման որակը:

Ընդ որում՝ շատ-շատ երկրներում ամեն ինչ սկսվել է ֆոնդերից, ոլորտի նվիրյալների անհոգնել և քրտնաջան աշխատանքից:

Օրինակ՝ Հորդանանի Հուսեյն թագավորի անվան քաղցկեղի հիվանդանոցի հաջողության հիմքում համանուն հիմնադրամն է:

Մանկական քաղցկեղի՝ աշխարհի ամենահայտնի և հեղինակավոր կենտրոնի՝ ԱՄՆ Սուրբ Հուդայի մանկական հետազոտական հիվանդանոցի ստեղծման ակունքներում ALSAC հիմնադրամն է:

Հենց այսպիսի նպատակ է սահմանել «Ժպիտների քաղաք» հիմնադրամը››,- ասել է Աննա Հակոբյանը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին հիմնադրամի և քաղցկեղ ունեցող երեխաների կողքին լինելու և նրանց աջակցելու համար։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանն էլ ասել է, որ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին աջակցելու ճանապարհին հիմնադրամը ձգտում է անել ամեն ինչ՝ որպեսզի Հայաստանում ուռուցքբանությունը և արյունաբանությունը շարունակաբար զարգացում ապրեն և այդ ենթատեքստում շատ է կարևորվում նաև աջակցությունը բժիշկներին և բժշկական հաստատություններին, որպեսզի նրանք կարողանան ապահովել բարձրորակ ախտորոշում և արդյունավետ բուժում պացիենտների համար։

Էսթեր Դեմիրճյանը ներկայացրել է հիմնադրամի կատարած աշխատանքը, մեկ տարվա ձեռքբերումները՝ շեշտելով, որ մեկ տարվա ընթացքում հիմնադրամն աջակցել է ստանալ անհրաժեշտ բուժում 240 երեխայի և երիտասարդի։

Դեղորայքի, բժշկական զննումների, վիրահատությունների և այլ բժշկական ծառայությունների համար հիմնադրամը տրամադրել է 270 միլիոն դրամ գումար։ Ելույթներով հանդես են եկել նաև Պրոֆ Ռ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանն ու Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության և իմունոլոգիայի ազգային բժշկահետազոտական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ռումյանցևը։

Գալա ընթրիքին Ջոեֆ Ֆարգիերը արյունաբանական կենտրոնում բուժվող 12-ամյա Արկադի Մելքոնյանին է նվիրել իր կիթառը։ Վերջինս էլ շնորհակալություն հայտնելով թանկ նվերի համար Ֆարգիերին է նվիրել հայկական դուդուկ։

Եվս մեկ կիթառ խմբի անդամների ստորագրությամբ հանվել է աճուրդի։ Ի թիվս այլ իրերի, աճուրդի է հանվել նաև Աննա Հակոբյանի ոսկյա կախազարդը։ Աճուրդի ողջ գումարը տրամադրվելու է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը։

Ընթրիքի ավարտին, շնորհակալություն հայտնելով կատարված մեծ աշխատանքի համար, Քրիստինա Ազնավուրը «Ազնավուր հիմնադրամի» անունից 10 միլիոն դրամ է նվիրաբերել «Ժպիտների քաղաք» հիմնադրամին։

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից