Հասարակություն 

Աննա Հակոբյանի կախազարդը վաճառվել է 1 միլիոն դրամով

analitik.am

Աննա Հակոբյանի ելույթը «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ամենամյա բարեգործական ընթրիքին.

Սիրելի՛ ներկաներ,

Շնորհակալություն, որ արձագանքել եք մեր հրավերին եւ այսօր ձեր երեկոն անցկացնում եք«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի դրամահավաք ընթրիքին մասնակցելով:

Վստահ եմ՝ բոլորդ տեղյակ եք, թե ինչով է զբաղվում մեր հիմնադրամը, և ձեր ներկայությունն արդեն իսկ գիտակցված որոշում է:

Ձեզնից շատերն արդեն իսկ մեր լավ բարեկամներն են դարձել, որոնց առատաձեռն նվիրատվությունների շնորհիվ մենք կարողացել ենք բազմաթիվ կյանքեր փոխել:

Շնորհակալ ենք:

Այնուամենայնիվ, ուզում եմ իմ պատկերացումները կիսել մեր առաքելության, արված աշխատանքի և հետագա նպատակների մասին:

Հայաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղի 8500 նոր դեպք, այսինքն՝ տարեկան այդքան մարդու մոտ ախտորոշվում է քաղցկեղ: Նրանցից 80-100-ըմինչեւ 18 տարեկան երեխաներ են: Տարեկան այս հիվանդությունից մեր երկրում մահանում է 5500 մարդ:

Բոլորս գիտենք, որ մեր հանրության շրջանում մի առանձնահատուկ սարսափ կա քաղցկեղի հանդեպ. այն համարվում է դատավճիռ, քաղցկեղով հիվանդ մարդիկ տարբերվող վերաբերմունքի են արժանանում, ինչն էլ ավելի է ծանրացնում նրանց՝ այդ բարդ հիվանդությամբ պայմանավորված առանց այն էլ ծանր օրերը:

Մինչդեռ այս ընթացքում ես հասցրել եմ լինել բազմաթիվ զարգացած երկրների մանկական և մեծահասակների ուռուցքաբանական ևարյունաբանական կլինիկաներում, որտեղ տեսել եմ բոլորովին այլ իրականություն:

Այնտեղ քաղցկեղ ունեցող մարդիկ ոչնչով չեն տարբերվում, օրինակ, թոքաբորբ կամ որևէ այլ հիվանդություն ունեցողներից:

Եթե նույնիսկ բուժման առանձնահատկությունների բերումով արտաքինըորոշակի փոփոխությունների է ենթարկվում, ապա այդ հիվանդության պարագայում դա նույնքան բնականոն է, որքան, օրինակ, ոտքը կոտրած մարդու արտաքինում գիպսի ժամանակավոր առկայությունը:

Քաղցկեղով հիվանդ մեծահասակներն ու երեխաներն իրենց բուժման ընթացակարգերիցազատ ժամանակ ապրում են լիարժեք կյանքով: Բոլորն էլ հասկանում են, որ հիվանդությունը կարող է բարդանալ, որ զարգացումներն ու ելքերը կարող են տարբեր լինել: Բայց չէ՞ որ սովորական գրիպն անգամ երբեմն կարող է բարդանալ ու դժբախտ ելք ունենալ:

Ուզում եմ հատուկ առանձնացնել Սինգապուրի հիվանդանոցում իմ տեսածը: Այստեղ քաղցկեղի բուժման ընթացքն իր բոլոր բաղադրիչներով՝ հոգեբանականից մինչև տեխնիկական, նույնն էր, թե մարդ գնա ատամնաբուժական կենտրոն ատամ բուժելու կամ հեռացնելու:

Ապշելու թեթեւություն, հիվանդի բուժման համար ստեղծված ապշեցուցիչ պայմաններ:

Հարց կառաջանա՝ իսկ ինչպե՞ս են հասել այս երկրներում նման արդյունքի: Պարզապես կարևորել են, նպատակ են դրել և զարգացրել են իրենց բժշկությունը, տեխնիկական հնարավորությունները, սպասարկման որակը:

Ընդ որում՝ շատ–շատ երկրներում ամեն ինչ սկսվել է ֆոնդերից, ոլորտի նվիրյալների անհոգնել և քրտնաջան աշխատանքից:

Օրինակ՝ Հորդանանի Հուսեյն թագավորի անվան քաղցկեղի հիվանդանոցի հաջողության հիմքում համանուն հիմնադրամն է:

Մանկական քաղցկեղի՝ աշխարհի ամենահայտնի և հեղինակավորկենտրոնի՝ ԱՄՆ Սուրբ Հուդայի մանկականհետազոտական հիվանդանոցի ստեղծման ակունքներում ALSAC հիմնադրամն է: Հենց այսպիսի նպատակ է սահմանել «Ժպիտների քաղաք» հիմնադրամը:

Մենք ուզում ենք օգնել պետությանը՝ Հայաստանի երեխաների և մեծահասակների համար ստեղծելու բուժման այդպիսի՛ պայմաններ, այդպիսի՛ հոգեբանություն և մոտեցում, որ քաղցկեղն այլևս չընկալվի որպես դատավճիռ և ողբերգություն այն ընտանիքում, որի անդամներից որևէ մեկի մոտ հայտնաբերվել է:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այս հիվանդությունը կարող է թակել ցանկացածի դուռը՝ հարուստ թե աղքատ, ծեր, թե երիտասարդ, պաշտոնյա, թե գործարար, գիտնական թե անգետ: Ու հայտնի է, որ հնարավորություններ ունեցող բոլոր մարդիկ հիվանդության հայտնաբերման պարագայում շտապում են հայտնվել այն երկրներում և կլինիկաներում, որոնց մասին ես պատմում էի:

Բայց համաձայնեք՝ մի բան է օտար հողում օգտվել այդ ծառայություններից, բոլորովին այլ բան՝ քո տանը, քո հարազատների հետ մնալ ևբուժման նույն հնարավորությունն ունենալ:

Այնպես որ՝ այսօրվա դրամահավաք երեկոյի ընթացքում ձեր առատաձեռն մասնակցությունը ոչ միայն բարի գործէ լինելու, այլև լուրջ ներդրում մեր հասարակության, ասել է թե՝ բոլորի՛ս թշնամի այս հիվանդության հաղթահարումն իրական և հնարավորինս թեթևդարձնելու ուղղությամբ:

Մեկ տարի երկու ամիս առաջ իր գործունեություննսկսած «Ժպիտների քաղաք» հիմնադրամի աշխատանքները մանրամասն կներկայացնի մեր սիրելի Էսթերը:

Ես միայն ասեմ, որ մեկ տարվա ընթացքում քաղցկեղով հիվանդ երեխաների ու երիտասարդների բուժմանը և ոլորտի զարգացմանը հիմնադրամն ուղղել է ավելի քան կես միլիոն դոլար, ներկայում ունի 240 գրանցված շահառու:

Մենք հոգում ենք նրանց անվճար բուժումը, հիվանդանոցում գտնվելու ընթացքում սնունդով ենք ապահովում, հոգեբանական ծառայություններ ենքմատուցում և բազում բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացնում՝ ապահովելու նրանց լավ տրամադրությունը, նրանց ինտեգրումը հասարակությունում, հիվանդության ու բուժման հնարավորինս թեթև ընթացքը:

Մեզ համար կարևոր է առաջիկայում կառուցել հյուրատուն այն ընտանիքների համար, որոնք Հայաստանի մարզերից են երեխային բերում Երևանում բուժվելու և ապրելու տեղ չունեն կամ ստիպված են բարեկամների տներում քնելու տեղ խնդրել՝ սրանից բխող բոլոր անհարմարություններով:

Կարևոր է նաեւ պալիատիվ բաժանմունքի ստեղծումը, որովհետև կյանքի վերջին օրերը հատկապես պետք է անցկացնել առանց ցավերի, հատուկ ուշադրության, խնամքի և տրամադրության պայմաններում:

Սիրելի՛ բարեկամներ,

Մի քանի օր առաջ ես մասնակցում էի «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության դրամահավաք ընթրիքին, որտեղ իմ սիրելի զարդերից մեկը նվիրաբերեցի աճուրդի համար: Այն շատ գեղեցիկ կախազարդ էր Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մանրաքանդակով, ճիշտ է՝ ոսկուց, բայց ոչ այնքան թանկարժեք:

Զարդը գնվեց 1 միլիոն դրամով, և ես մտածեցի, որ դա ավանդույթ կդարձնեմ: Որովհետև մի ականջօղ ավելի, մի ականջօղ պակաս, մի կախազարդ ավելի, մի կախազարդ պակաս՝ շատ բան չի փոխի իմ կյանքում:

Ճիշտ է՝ հաճելի է գեղեցիկ զարդ կամ իր ունենալը, բայց իմ օրինակով կասեմ՝ հարյուրապատիկ հաճելի է այն նվիրելը:

Մի քիչ ավելի գումար, մի քիչ պակաս գումար…իսկապես շատ բան չի փոխում մեր կյանքում… Մայրիկս նման դեպքերում հարցնում է՝ «Առակդ ի՞նչ կցուցանե»։ Կարծում եմ պարզ է՝ առակս ինչ կցուցանե. հնարավորինս առատաձեռն լինել այս երեկո և վայելել նվիրաբերության քաղցր պտուղները:

Իսկ մենք երախտագիտության զգացումով կշարունակենք մեր ամենօրյա քրտնաջան աշխատանքը՝ հանուն մեր ընդհանուր նպատակների իրականացման:

Կրկին շնորհակալություն այսօր այստեղ՝ մեր կողքինլինելու համար:

Հուսով եմ՝ ամեն տարի մենք ոչ միայն կհանդիպենք, այլև մեր շարքերը նորանոր ընկերներ կներգրավենք: Իսկ այսօր մեզ բոլորիս մաղթում եմ բարի և ուրախ ժամանց:

Ի դեպ, երեկոյի ընթացքում էկրաններին պարբերաբար կերևան մեր փոքրիկները:

Խնդրում եմ չհուզվել նրանց տեսնելիս՝ նրանք ուժեղ, ուրախ երեխաներ են և անպայման առողջանալու են:

Իսկ թե որքան արագ և թեթեւ՝ կախված է յուրաքանչյուրիցս:

Շնորհակալություն:

Նույն շարքից