Բիզնես Քաղաքականություն 

Արցախի փոխվարչապետն ընդունել է «Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների

analitik.am

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի մասնաճյուղի մի խումբ անդամների: Հուլիսի 3-ին կայացած հանդիպմանը ողջունելով բարերարներին` Արթուր Աղաբեկյանն ամփոփ ներկայացրել է Արցախի զարգացման գործում Հիմնադրամի կատարած աշխատանքները` նշելով,  որ 21-րդ դարում հայապահպանության թիվ մեկ խնդիրներից է զարգացած ու հզոր հայրենիք կառուցելը,  որին պետք է ուղղված լինեն համահայկական ջանքերը:

 

 

Խոսելով հայրենիքում իրենց ստացած տպավորությունների մասին` ֆրանսահայ համայնքի ներկայացուցիչները, օգտվելով հանդիպման հնարավորությունից, հարցադրումներ են կատարել Արցախի սոցիալ-տնտեսական կյանքի տարբեր ոլորտների վերաբերյալ:  Արթուր Աղաբեկյանը, մասնավորապես, նշել է, որ տնտեսության զարգացման համար ԼՂՀ իշխանությունների կողմից մեծ ուշադրություն է դարձվում  հատկապես գործարար միջավայրի ձևավորմանը: Զուգահեռաբար, կարևորելով  ենթակառուցվածքների զարգացումը, փոխվարչապետը մատնանշել է Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի և այդ ուղղությամբ Արցախը Հայաստանին կապող երկրորդ օդային  էլեկտրական գծի կառուցման ծրագրերը: Աղաբեկյանն ընդգծել է, որ եթե տարիներ առաջ Սփյուռքից միայն օգնություն էր սպասվում, ապա այսօր փոխվել են մոտեցումները. ցանկալի  է, որպեսզի սփյուռքահայ գործարարները Արցախում բիզնեսի նպատակով ներդրումներ կատարեն, ինչը կստեղծեն նոր աշխատատեղեր:

 

 

Պատասխանելով Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման վերաբերյալ հնչեցված հարցին՝ Արթուր Աղաբեկյանը նշել է, որ  այդ ուղղությամբ Արցախում ակնկալում են միջազգային հանրության աջակցությունը և կոչ է արել, որպեսզի սփյուռքի համայնքներն այս հարցում ևս իրենց երկրներում ակտիվ ներգրավվեն քարոզչական աշխատանքներում:

Նույն շարքից