Հասարակություն Տեսանյութեր 

Արայիկ Հարությունյանն ինչ անում է, Սորոսյան հիմնադրամը ողջունում է. Ակցիայի մասնակից ուսանող

analitik.am

Հայաստանի երրորդ Հանրապետության ամենամեծ հռչակը Մելինե Դալուզյա՞նն է բերել, որ հենց նրա մասին են ֆիլմ նկարահանում: Ինչո՞ւ ֆիլմ չեն նկարահանում Տիգրան Մարտիրոսյանի, Սիմոն Մարտիրոսյանի, Նազիկ Ավդալյանի, Կարո Մուրադի, Վիկ Դարչինյանի, Արսեն Ջուլֆալակյանի, Արթուր Աբրահամի, Արթուր Ալեքսանյանի մասին, սակայն նկարահանում են «պաշտոնաթող հայուհու» մասին: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող ուսանողներից Գևորգ Գյուլումյանը՝ հավելելով, թե դա պատահականություն չէ, որ ընտրությունը կանգ է առել հենց Դալուզյանի վրա:

«ԿԳՄՍ նախարարը կանգնում ու ասում է, որ ֆիլմը քննադատողները հետադիմության առաջամարտիկներ են: Դա առողջ դատողություն չէ: Մենք պատասխան ենք պահանջում՝ ինչու ֆիլմեր չկան մեր մյուս չեմպիոնների մասին: Մենք տեսնում ենք՝ Արայիկ Հարությունյանն ինչ անում է, Սորոսյան հիմնադրամը ողջունում է, իսկ դուք լավ գիտեք, թե այդ հիմնադրամն ինչով է զբաղված»,-ասաց ակցիայի մասնակիցը:

Ուսանողը կարծում է, որ իրենց պայքարն ինչ-որ արդյունք կտա. «Մենք վճռական ենք տրամադրված: Ակցիային միանում են նաև Շիրակի պետական համալսարանի ուսանողները: Առաջիկայում ակցիային կմիանան նաև Վանաձորի պետական համալսարանում, խոսակցություններ կան նաև Գավառի պետական համալսարանում: Մեզ միացել են նաև հասարակական կազմակերպություններ: Եթե նախարարության կողմից այդքան ուսանողների, քաղաքացիների, մտավորականների կոչերն անտեսվեն, նախարարն անելիք չի ունենա նախարարությունում»:

Հարցին, թե ինչու են համալսարանում անում ակցիաները՝ հաշվի առնելով ռեկտորի հետ պայմանավորվածությունը, լրագրողների զրուցակիցն ասաց, որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունները խզում են բոլոր պայմանավորվածությունները. «Նախարարը հարյուրավոր երիտասարդների պահվածքը որակում է որպես անդաստիարակություն: Այդ նախարարի հետ կապված ես ի՞նչ պայմանավորվածություն կարող եմ ունենալ»:

Ակցիայի մասնակիցն ասել է, որ բանասիրական ֆակուլտետում դասապրոցեսն այս պահին տապալված է՝ մի մասը ակցիային են մասնակցում, մի մասն ուղղակի դասի չեն եկել:

Ակցիայի մասնակիցներն այսօր կրկին նստացույց են անելու նախարարության մոտ, կլինեն հայտարարություններ, որոնք չեն լինի քաղաքական:

Նույն շարքից