Քաղաքական 

Հիլարին կարող է դառնալ շատ արդյունավետ նախագահ. Օբամա

Հետաքրքրությունը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի ոչ պաշտոնական ընթրիքի վերաբերյալ  բացատրվում է   այն հանգամանքով, որ հանդիպման հաջորդ օրը Օբաման Սպիտակ տանը հայտարարել է, որ Հիլարին կարող է դառնալ շատ արդյունավետ նախագահ, եթե համաձայնի մասնակցել 2016թ. նախագահական ընտրություններին:  Դեմոկրատական կուսակցությունն այս պահին նախագահի հարմար թեկնածու չունի, և թեպետ Քլինթոնը դեռևս չի հայտարարել նախագահի թեկնածու դառնալու մտադրության մասին, այնուամենայնիվ, այդ փաստը ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում ոչ ոք չի բացառում:

 

BBC-ն կազմել է  Քլինթոնի հավանական մրցակիցների ցանկը: BBC-ն նշում է, որ հակառակորդ կուսակցությունն առայժմ ակտիվ չէ, և թեկնածուների հավանական ցանկ կարծես թե չկա: Քլինթոնի հավանական մրցակիցը կարող է լինել Միթ Ռոմնին, սակայն նա պարտվեց Օբամային նախորդ ընտրություններում, և նրա վարկանիշը շատ ցածր է:

 

«Քարնեգի» հիմնադրամի մոսկովյան կենտրոնի փորձագետ Մարիա Լիպմանը կարծում է, որ  Քլինթոնն  ուժեղ թեկնածու է: «Քլինթոնն, իհարկե, կառաջադրվի, դա վաղուց էր հայտնի, սակայն այս պարագայում էական դեր է խաղում այն փաստը, թե էլ ով կառաջադրվի որպես նախագահի թեկնածուի հավակնորդ: Կարող են անսպասելի մարդիկ հայտնվել, ինչպես իր ժամանակին հայտնվեց Օբաման, ով քիչ հայտնի քաղաքական գործիչ էր, բայց ուներ նպատակասլացություն և կիրք, ինչի շնորհիվ էլ կարողացավ զանգվածային ճանաչման արշանանալ»,- ասում է փորձագետը: Լիպմանի խոսքով, Քլինթոնը փրայմերիզների հետ որևէ խնդիր չի կարող ունենալ, քանի որ նա ոչ միայն իմունիտետ է ձեռք բերել Օբամայի դեմ պայքարելու ժամանակ, այլև քաղաքական ընտանիքից է, աջակցելէ  ամուսնուն, երբ նա ԱՄՆ նախագահ էր և, բնականաբար, Դեմոկրատական կուսակցությունը կպաշտպանի նման թեկնածուին: Թեպետ խոսակցություններ կան, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն էլ կարող է առաջադրվել որպես թեկնածու, սակայն Սպիտակ տան կուլիսներում ասում են, որ դա ընդամենը քաղաքական ավանդույթը պահելու համար է:

 

Ըստ CNN-ի, Հանրապետական կուսակցությունն ունի նույն խնդիրը, ինչ 2008թ.: Կուսակցությունը կարծես թե բաժանված է երկու հավասար հատվածի` ծայրահեղ-պահպանողականներ և առավել լիբերալներ: Այս առումով շատ բարդ կլինի գտնել թեկնածուի, ով կկարողանա ստանալ կուսակցության ընդհանուր աջակցությունը:

 

Սա  Հիլարի Քլինթոնի վերջին խոշոր ընտրությունն է: Նա 67 տարեկան է, և եթե նախկին առաջին տիկինն այս անգամ չառաջադրվի, կարելի է համարել, որ նրա քաղաքական կարիերան ավարտվեց` նախագահ չդարձած: Նա կմնա պատմության մեջ որպես լավագույն կին-քաղաքական գործիչներից մեկը:

 

Նույն շարքից