Գլխավոր Հասարակություն 

Մելինե Դալուզյանի պատճառով Հայաստանը զրկվել է օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից. Ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար

analitik.am

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հերթական դոպինգ ստուգումներից հետո անժամկետ որակազրկել էր Հայաստանը ներկայացնող ծանրամարտիկ Մելինե Դալուզյանին:

Դալուզյանի անալիզների վերստուգման արդյունքում նրա արյան մեջ հայտնաբերվել էին արգելված դեղամիջոցներ:

Հիշեցնենք նաև, որ Հայաստանի ծանրամարտի հավաքականը 2020 թվականին պետք է մասնակցեր Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերին:

«Մելինե Դալուզյանի որակազրկման հետևանքով Հայաստանի ծանրամարտի հավաքականի թիմը չի կարող մասնակցել Տոկիոյի օլիմպիական խաղերին»,-Analitik.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը և հավելեց, որ միջազգային օլիմպիական կոմիտեն պատժամիջոցներ է կիրառել:

Հայաստանից որակազրկվածների թիվը հասել է մոտ 20-ի, որի դեպքում արդեն պատժամիջոցներ են կիրառվում. Մելինե Դալուզյանի որակազրկումը վերջին կաթիլն էր:

«Դալուզյանն էլ է ստացել այդ թղթերը, որտեղ նշված է, որ նա պետք է վերադարձնի բոլոր մեդալները, անգամ հուշամեդալները»,-ասաց նա:

Ալավերդյանի խոսքերով, եթե Մելինե Դալուզյանի դոպինգ-որակազրկումը չլիներ, հույս կար, որ Հայաստանի թիմը կմասնակցի օլիմպիական խաղերին: Այժմ Օլիմպիական կոմիտեն և Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան մայիսի 31-ին կքննարկի Հայաստանի հարցը՝ կմասնակցեն հայ ծանրոդներն Օլիմպիական խաղերին, թե՝ ոչ:

Ալավերդյանը նաև նշեց, որ Հայաստանից պետք է Տոկիոյի օլիմպիական խաղերին մասնակցեին 4 տղա և 4 աղջիկ: Դոպինգ սկանդալից հետո հայ ծանրամարտի հավաքականի մասնակցության ճակատագիրը կորոշեն միջազգային կառույցները, սակայն, լավագույն դեպքում, կարող են թույլատրել 2 հոգու մասնակցություն:

Նա վստահեցրեց, որ այս ընթացքում որևէ հայ մարզիկի մոտ դոպինգի խնդիր չի առաջանա, քանի որ արդեն 6 տարի է ինքն է աշխատում հայ ծանրամարտիկների հետ։

«Չի կարող որևէ մեկի մոտ դոպինգի խնդիր լինել։ Ես աշխատում եմ, դրանց նման մեդալ փախցնող չեմ: Ավելի վատ Դալուզյանի համար, թեև նա Հայաստանից գնացել է, սակայն նրա թողած հետքերը վնասում են մեզ»,-ասաց Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահը:

Ըստ նրա, Դալուզյանի ոչ մարզական արարքն ազդել է Տիգրան Մարտիրոսյանի, Գոռ Մինասյանի, Արթուր Ալեքսանյանի, Անդրանիկ Կարապետյանի վրա, որոնք վերջին տարիների Աշխարհի և Եվրոպայի մեդալակիրներ են:

«Մելինե Դալուզյանն այսօր ինձ համար չի կարող լինել հերոս։ Նրա պատճառով ազգը տուժում է, ազգային ծանրամարտի սպորտաձևը տուժում է: Այո, նա Եվրոպայի չեմպիոն է դարձել, սակայն կեղտոտ ձևով, այսօր նրա մեդալները զրոյական են: Դրա անունը մի տվեք, իմ ամբողջ սպորտաձևը փչացրեց: Մեր ծանրամատիկների աշխատանքը, քրտինքը՝ նա փչացրեց»,-զայրացած ասաց Ալավերդյանը:

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից