Քաղաքականություն 

Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է այնքան ժողովրդավար է, որ կարող է այդ տիպի հարցեր առաջ տանել, սխալվում է. Արծվիկ Մինասյան

analitik.am

Արայիկ Հարությունյանը կանգնում ու հայտարարում է, թե այդ ինչպես է, որ քաղծառայողները շարունակում են պաշտոնավարել: Սա իրավական տգիտության լավագույն դրսևորում է: Կամ առնվազն նրան զեկուցողները չեն կարդացել օրենքի նվազագույն պահանջը: Այսպիսի ցանկությունն ու ձգտումը նաև բացահայտում են մարդու էությունը: Հարությունյանն ուզում է, որ բոլորը ենթարկվեն իրենց նեղ խմբային մտածողությանը: Իսկ այդ մտածողությունը դուք տեսնում եք: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանը:

Մինասյանի խոսքերով, ֆորմալ առումով միայն Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը չի դրված. «Ընդհանրապես այդ մտածողությունը, խորքային մոտեցումից պետք է հրաժարվել: Ես վստահ եմ, որ այս ընդվզումը լինելու է նաև մարզերում»:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի տեսակետին, որ այսօր տեղի ունեցող իրադարձություններում ժողովրդի աջակցությունը չկա, Մինասյանը հայտարարեց, որ դա Նիկոլ Փաշինյանի կարծիքն է. «Այն օրն էլ եկել էր ու ուզում էր իր վրա վերցնել Արայիկ Հարությունյանի ապազգային վարքագիծը: Եթե իրեն թվում է, որ այնքան ժողովրդավար է, որ կարող է այդ տիպի հարցեր առաջ տանել, սխալվում է: Ինչ-ինչ, մեր ազգը շատ զգայուն է այս հարցերում ու չի հանդուրժի անգամ հերոսին: Եթե ժողովուրդը տեսնի, որ տվյալ մարդն ազգայինից ետ է կանգնում, սպասարկում է օրակարգ, կտապալի: Ես չեմ ուզում, որ մեր ժողովուրդը հերթական սթրեսն ապրի, անհրաժեշտ է, որպեսզի օր առաջ գիտակցեն՝ չի կարելի այս ընթացքով առաջ գնալ՝ կեղծ օրակարգ բերել երկիր, ընդ որում՝ հատկապես այն օտարի կողմից ներկայացվող, որը սպասարկում է նաև մեր թշնամիների կողմից, սա աբսուրդ է: Սա ազգային կառավարության մասին չէ խոսում:

Ի վերջո ցանկացած հարց քննարկման ենթակա է: Ինչո՞ւ այսպիսի հարցերը չեն դնում քննարկման: Ինչո՞ւ հայեցակարգ չկա, որպեսզի առողջ քննարկում լինի: Դրա փոխարեն միանգամից օրինագիծ են բերել: Միթե մտածում են, որ այդ օրենքները կարդացող չի լինի ու կարող են անցկացնել: Բովանդակային քննարկման անհրաժեշտություն կա, սակայն իրենք քոքահան են անում հարցը: Սա է, որ մերժելի է: Սա է խոսում այն մասին, որ այդ մարդիկ չունեն ազգային պետություն ունենալու ցանկություն, հակառակը՝ ցանկանում են թուլացնել հասարակությանը: Եթե պատրաստ են գնալ այդ քայլին, մենք պատրաստ չենք ու ժողովուրդը պատրաստ չէ»:

Մինասյանի խոսքերով, իրենք հիմա փաստացի կարմիր քարտ են ցույց տալիս Արայիկ Հարությունյանին. «Նա պետք է հեռացվի»:

Նույն շարքից