Հասարակություն 

Հայ ժողովրդի համար խիստ կարևոր այս ճշմարտությունը պետք է վերականգնվի. Արայիկ Հարությունյան

analitik.am

Հարգելի՛ հայրենակիցներ

Շուտով կլրանա Հայրենական Մեծ պատերազմում ԽՍՀՄ տարած փառավոր հաղթանակի 75-ամյակը, որին հայ ժողովրդի պատկառելի մասնակցության մասին բոլորս գիտենք: Փաստագիտական աղբյուրների վկայությամբ՝ խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար 200 հազար հայ մարտիկներ ու սպաներ են զոհվել: Իսկ որոշ աղբյուրների պնդմամբ՝ զոհերի և անհետ կորածների թիվը անցնում է 314 հազարը: Սակայն, որքան էլ ցավալի է, ռուսական աղբյուրներում նշվում է, որ զոհերի թիվը Հայաստանից կազմել է ընդամենը 83 700 (Տես հետևյալ հղումով):

Նույն խնդիրն առկա է նաև խորհրդային նախկին այլ պետությունների մասով, որն, ըստ իս, ոչ թե դիտավորյալ աշխատանքի հետևանք է, այլ համապատասխան մարմինների միջև ոչ պատշաճ համագործակցության: Այս մասին դեռևս իմ վարչապետության շրջանում ՀՀ մեր գործընկերների հետ հանդիպումներիս ժամանակ տարբեր առիթներով բազմիցս բարձրաձայնել եմ, սակայն ոչ մի արդյունք:

Երեկ մամուլում կարդացի, որ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Երևանում ներկա են գտնվել Հայրենական Մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված ցուցահանդեսին։ Առիթն օգտագործելով՝ հրապարակավ ցանկանում եմ դիմել պարոն Մնացականյանին և բոլոր շահագրգիռ կառույցներին պատմական այդ խեղաթյուրված փաստը վերանայելու խնդրանքով:

Կարծում եմ՝ գոնե 75 տարի անց, հայ ժողովրդի համար խիստ կարևոր այս ճշմարտությունը վերականգնելով, մեր պապերի հիշատակին մեծ տուրք մատուցած կլինենք:

Արցախի նախկին վարչապետ, նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյան

Նույն շարքից