Հայաստան Քաղաքականություն 

Հանրապետական երիտասարդները նվեր ունեին Զոհրաբ Մնացականյանին

analitik.am

«Հանրապետական» կուսակցության երիտասարդներն այսօր ՀՀ արտաքին գործերի նախարարության դիմաց նախ հանդես են եկել հայտարարությամբ, ապա դատարկ ճամպրուկ հանձնել ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանին, փոխանցում է Aysor.am-ը:

«Հաշվետու եղեք հասարակությանը, թե որ փուլում է գտնվում Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու ձեր վարչապետի խոստման իրականացումը և երբ է այն իրականացվելու։

Տեղեկացրեք՝ Մինսկի ո՞ր համանախագահն է համաձայնել «արցախյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար» բանաձևին։

Պատասխան տվեք հայ ժողովրդին, թե ինչու է իշխանափոխությունից հետո Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններից անհետացել Արցախի հիմնախնդրի համար կարևորագույն ազգերի ինքնորոշման իրավունքը։

Եվ վերջապես բացատրեք, թե ինչպես տեղի ունեցավ, որ բանակցային գործընթացից դուրս եկան Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները։

Պատկերավոր ասած, պարո՛ն նախարար, Դուք ձախողակ եք», - հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Հայկ Մամիջանյանը։

Նա ասել է, դե դատարկ ճամպրուկ հանձնելով ուզում են ցույց տալ, թե այս կառավարությունը այն կառավարությունն է, որին ճամպրուկներ են բերում, և դրանք դատարկ են, ինչպես իրենց խոստումները։

«Դատարկ են, ինչպես ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգը։

Ճամպրուկներից մեկը սիրով կթողնենք Զոհրաբ Մնացականյանին, քանի որ շատ քիչ ժամանակ է մնացել, որ Զոհրաբ Մնացականյանը դառնա Գնացականյան», - հայտարարել է Հայկ Մամիջանյանը։

Նույն շարքից