Քաղաքական 

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող տեղեկատվության տարածումը. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական որոշ լրատվամիջոցներ համառորեն շարունակում են իրականության հետ որևէ առնչություն չունեցող տեղեկատվության տարածումը. հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ 

Հաղորդագրության մեջ ասվում է. «Այս անգամ ադրբեջանական apa.az-ի քարոզիչները, վկայակոչելով «ռազմական աղբյուրներ», գրում են, թե մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը զբաղեցրել է ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հետախուզության պետի պաշտոնը: Ավելին` իրականությանը չհամապատասխանող այս տեղեկատվությունը վերածվում է զավեշտի` հայ սպայի «փոխգնդապետ» զինվորական կոչումը ադրբեջանական քարոզիչները նշում են որպես «գնդապետ-լեյտենանտ»: 

Վերոնշյալ ապատեղեկատվությունը իրականության հետ որևէ առնչություն չունի նաև այն առումով, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությունը, որտեղ տեղակայված մարտական հենակետում մայիսի 25-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհվել է ԼՂՀ ՊԲ փոխգնդապետ Գարիկ Բալայանը, վերահսկվում է ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից, իսկ ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները տեղակայված են բոլորովին այլ հատվածում և պատասխանատվություն են կրում այլ ուղղության անվտանգության ապահովման համար: 

Կարծում ենք, որ ադրբեջանական քարոզիչների «ռազմական աղբյուրները», թերևս, պատկերացում ունեն ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի պատասխանատվության գոտու սահմանների վերաբերյալ, և զավեշտալի է, որ փորձ է արվում սեփական գործելաոճը, այն է` արձանագրված դեպքերի և պատահարների ստույգ տվյալները թաքցնելն ու փաստերը խեղաթյուրելը, վերագրել հայկական կողմին:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտարարում է, որ ՀՀ զինված ուժերը խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և համապատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող խախտումների և գնդակոծությունների դեպքում: Կոչ ենք անում տեղի չտալ ադրբեջանական աղբյուրներով տարածվող հերյուրանքին և զերծ մնալ չճշտված, բացահայտ կեղծ տեղեկություններ հրապարակելուց»:  

Նույն շարքից