Հասարակություն 

Երևանի կենդանաբանական այգում հերթական միջադեպն է գրանցվել

Երևանի Կենդանաբանական այգում հերթական միջադեպն է գրանցվել. փլվել է վագրերի ազատավանդակի ժայռը:

Analitik.am-ի հետ զրույցում Կենդանաբական այգուց հաստատեցին տեղեկությունը, նաև նշեցին, որ կենդանիները չեն վնասվել:

«Մեր բրիգադիրը փոխանցեց, որ մի քանի քարեր են պոկվել-թափվել, այնտեղ բնական ժայռեր են: Այդ տարածքը էլեկտրական հովիվներով առանձնացված տարածք է և բացառվում է, որ կենդանիներին վնաս հասցվի»,-տեղեկացրեցին Կենդանաբանական այգուց՝ հավելելով, որ երբեմն նման իրավիճակ լինում է, և խնդիրն ուշադրության կենտրոնում է․ կարգավորվում է:

Հարցին, թե արդյոք ամրացված է ժայռերի հատվածը, պատասխանեցին, որ ամրացված է, սակայն խնդիրը բարդ է և այգու աշխատակիցների կողմից մշտապես ամրացման աշխատանքներ են իրականացվում:

Նշենք նաև, որ տարբեր տեղեկությունենր կան, որ վագրը կարողանում է դուրս գալ վանդակից, թեև վագրերի ազատավանդակի համար քաղաքապետարանը խոշոր գումարներ է փոխանցել, սակայն այն ևս ապահով չէ:

Առյուծների և վագրերի խնամակալը մի անգամ հայտարարել էր, որ վագրերի ազատավանդակի պատը կարող է փլուզվել և կենդանին հայտնվի ազատության մեջ:

Կենդանաբանական այգում այժմ մնացել է մեկ վագր, վերջին տարիներին այգու բոլոր վագրերն անկել են:

Հիշեցնենք, որ 2016 թվականին Երևանի կենդանաբանական այգու ազատավանդակների վերակառուցման աշխատանքների համար Երևանի քաղաքապետարանը տրամադրել էր մոտ 187 միլիոն 500 հազար դրամ:

Ի դեպ, Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի աշխատանքից ազատման դիմումը դեռևս ստորագրված չէ:

Գոհար Ստեփանյան

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից