Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչ ուզում եք, կարող եք խոսել, այ քեզ բան. Դուք նման իրավունք չունեք. Թոշակառուի աշխատավա՞րձ... ԱԺ նիստը լարված մեկնարկեց

analitik.am

Եթե հայ ժողովուրդը չստանա այն, ինչի համար այսօրվա իշխանություններին սկուտեղի վրա մատուցեց իշխանությունը, դրանով իշխանությունները կկոտրեն 800 հազար աղքատների միաբան ոգու ճրագը, որը վառվեց 1,5 տարի առաջ: Այսօր խորհրդարանում հայտարարեցին ԲՀԿ-ից:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին կարծես թե դուր չեկավ ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարությունը, թե իրենց սկուտեղի վրա են իշխանությունը մատուցել: Նա ցանկացավ իմանալ, թե ում տեսակետն է դա:

ԲՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ հենց ժողովուրդն է իշխանություններին մատուցել իշխանությունը:

«Մենք լավ հիշում ենք, որ մեր իշխանության աղբյուրը ՀՀ քաղաքացին է ու նրա տված քվեն: Դուք չէ, որ այդ մասին մեզ պետք է հիշեցնեք: Խոսքը «սկուտեղի վրա մատուցել» ձևակերպման մասին էր, որն ինձ թված ճշմարտության ոչ այնքան ճիշտ արտացոլում: Իսկ այս ամբիոնից խոսելու իրավունքը Ձերն է, ինչ ասես կարող եք խոսել, այ քեզ բան»,-ասաց Միրզոյանը:

Կրակի վրա յուղ շարունակեց լցնել «Իմ քայլի» պատգամավոր Գայանե Աբրահամյանը, ում խոսքերով, ԲՀԿ-ական պատգամավորը նախորդ գումարման Ազգային ժողովում գուցե իրավունք է ունեցել այդ կերպ խոսելու. «Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ այս Ազգային ժողովում որևէ կերպ այդ իրավունքը չունեք: Իրավունք չունեք այս բառամթերքով, այս տոնայնությամբ, այս մունաթով խոսել: Գոնե այս Ազգային ժողովը 70 տոկոս վստահության քվե է ստացել՝ դա անելով կասկածի տակ չդրված ընտրություններում: Պետք է վերջ տալ պոպուլիստական հայտարարություններին»:

Հաջորդը ելույթ ունեցավ իմքայլական Հովհաննես Հովհաննիսյանը, ով ևս մեկ դույլ յուղ լցրեց կրակի վրա. «Ես միանում եմ կոչին, որ պետք է պաթոսին վերջ տալ: Այս դահլիճին հարիր չեն պաթոսախառը հայտարարությունները: Ես ուզում եմ հիշեցնել, թե ով է բարձրացրել թոշակառուների աշխատավարձը, թե ով է բարձրացրել ուսուցիչների աշխատավարձը, ով է բարձրացրել ԱԻՆ աշխատակիցների աշխատավարձերը և այսպես շարունակ: Այս իշխանությունն ամենաշատն է մտածում ժողովրդի հոգսերի մասին»:

Թոշակների մասին ԲՀԿ-ական պատգամավորի նախագիծը, որը բացասական եզրակացություն էր ստացել գլխադասային հանձնաժողովում, քվեարկության արդյունքում օրակարգ չմտավ:

Նույն շարքից