Տեսանյութեր Քաղաքականություն 

Էտ ֆիդայիններն են թուրքի մաման լացացրել ու ծնկի բերել. Սասուն Միքայելյանը թարմացրեց Իմ քայլում իր գործընկերոջ հիշողությունը

analitik.am

Ապրիլյան պատերազմի ժամանակ մենք խնդիր ունեցանք, երբ մեր հայրենակիցները ցանկանում էին օգնել ռազմական տեխնիկայով: Նրանցից մաքսակետերում ԱԱՀ էին պահանջում, երբ այդ մարդիկ իրենց վերջին հնարավորություններով փորձում էին օգնել բանակին:

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ մենք օրենքի նախագիծ ենք առաջարկում, որով հստակեցված են մեխանիզմներ, որոնցով կարելի կլինի ռազմական տեխնիկա և բացառապես ռազմական նպատակներով տեսահեռադիտակներ ներկրել: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Օրենքի ընդունումը հնարավորություն է տալու ավելի մատչելի ձևով իրականացնել առանձին բարերաների կողմից բացառապես ռազմական նշանակության տեխնիկայի և մի շարք ապրանքների ներմուծման գործընթացը: ԲՀԿ-ն նաև առաջարկում է հարկային արտոնություններ տրամադրել բանակին օգնություն տրամադրող բարերաներին:

ԱԺ գլխադասային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծին: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողոի անդամ Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ նիստում ևս մեկ անգամ ներկայացրեց հիմքերը, թե ինչու է բացասական եզրակացություն տրվել:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն իր հերթին հայտարարեց, որ նախագիծը շատ մանրամասն քննարկվել է. «Խնդիրն ու նպատակները պարզ են: Բայց երկու հանգամանք կա՝ նախ գործող կարգավորումները թույլ տալիս են առանց ԱԱՀ-ի հասցնել հասցեատերերին, երկրորդ՝ օրենքի ընդունումն այս ձևով ընդունվելու դեպքում խնդիրներ կարող են առաջանալ, քանի որ կան երկակի նշանակության ապրանքներ: Սակայն պետք է նշեմ, որ այս հարցում բոլորիս դիրքորոշումը նույնն է: Եթե խնդիր կա, ֆիննախի, ՊՆ-ի հետ կարող ենք լուծել»:

Իմ քայլից Հովիկ Աղազարյանն իր հերթին հայտարարեց, որ մտահոգությունը հասկանալի և ընդունելի է. «Բայց եկել են ժամանակներ, երբ մենք պետք է ազատվենք նյուֆիդայականությունից: Եթե զինվորը սահմանից հետ է նայում ու տեսնում է, թե ինչպես են տուշոնկա, տանկ, հաց ու կալբաս բերում, կհարցնի՝ բա պետությունն ո՞ւր ա: Ամեն ինչ պետք է արվի պետական կառույցներով»:

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի խոսքերով, նախագիծը շատ պարզ է, փորձ է արվում վերջ տալ սահմանին առկա թղթաբանությունը. «Պետք չէ հարցը տանել նյուֆիդայականություն և այլն: Մենք չենք կարող բացառել, որ մեր երկրում ֆորսմաժորային իրավիճակներ կարող են լինել: Տա Աստված չլինեն, սակայն նախագիծը հենց այդպիսի իրավիճակների համար են: Պետք չէ հասնել միջնադար և այլն»:

Ելույթով հանդես եկավ նաև Իմ քայլի պատգամավոր, ԵԿՄ վարչության ղեկավար Սասուն Միքայելյանը. «Եկեք համեմատություններ չանենք: Մենք փորձում ենք պետությունն ու ֆիդայիններին տարանջատել, իսկ դուք անընդհատ բերում եք այս դաշտ:

Պարզ է, որ ամեն ինչ պետք է գա օրենքի դաշտ: Սխալ է, որ ինչ-որ բան առանց հարկի գնա ֆրոնտ: Այդ հարկն էլ է օգնում բանակին, քանի որ զարգացնում է տնտեսությունը: Բայց պարոն Աղազարյան, չի կարելի այդպես խոսել ֆիդայինների մասին: Էտ ֆիդայիններն են եղել, որ թուրքի մաման լացացրին, հասկանո՞ւմ ես, ու ծնկի բերին: Էսօր ոռնում են, որ Խոջալիում գենացիդ ա եղել: Ինձ էլ մի օր դրա համար կդատեք, որ մասնակցել եմ դրան»:

Օրենքի նախագիծը քվեարկությամբ չմտավ օրակարգ:

Նույն շարքից