Հայաստան Քաղաքականություն 

Քիչ առաջ ԱԺ միջանցքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վեճի բռնվեցին իրար հետ. «Առավոտ»

analitik.am

Քիչ առաջ ԱԺ միջանցքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները վեճի բռնվեցին: Նիստերի դահլիճից ինչ-որ խնդրով իրար հետ վիճաբանած՝ միանգամից դուրս եկան «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը և նույն խմբակցության պատգամավոր Վարդան Աթաբեկյանը: Նրանց հետևեցին նաև «Իմ քայլի» տղամարդ պատգամավորները, որոնք մտան Լիլիթ Մակունցի աշխատասենյակ:

Աշխատասենյակի մոտ լսելի էին բարձր ձայներ: Սակայն որ պատգամավորը որ դուրս էր գալիս, լրագրողների հարցադրումներին ի պատասխան ասում էր, թե ոչինչ չի եղել, ոչ մի բան չի պատահել: Այսպես հերքեցին Հայկ Գևորգյանը, Արմեն Խաչատրյանը, Արման Բոշյանը: Նրանք վստահեցնում էին, որ ընդմիջման հարց էին քննարկում: Այս մասին գրում է Aravot.am-ը:

«Մինչդեռ ավելի ուշ, երբ մենք հորդորեցինք Հակոբ Սիմիդյանին պարզաբանել, թե ի՞նչ վիճաբանություն էր, ինչի համար, նա սկզբում ասաց. «Ոչ մի բան չի եղել, ժողովուրդ ջան», հետո նախընտրեց պատմել. «Այո, ընկերներով մի քիչ բարձր խոսացել ենք: Ժողովուրդ ջան, մի քիչ բարձր տոների մեջ խոսացինք, պատմություն դառավ: Ոչ մի խնդիր չկա»:

Հարցրեցինք՝ մենք իրավունք ունե՞նք իմանալ, թե բարձր տոնով ինչի՞ մասին էին խոսում ԱԺ տարածքում պատգամավորները՝ Սիմիդյանը պատասխանեց, որ բարձր տոնով նիստերի դահլիճում էլ են խոսել:

Հարցրեցինք՝ Գևորգ Պետրոսյանի՝ նույնասեռականների ամուսնության արգելքի մասին նախագծի շո՞ւրջ էր վիճաբանությունը՝ Սիմիդյանը պատասխանեց. «Աշխատանքային թեմա էր, ոչ մի ուրիշ բան չկա: Իմ դահլիճից դուրս գալն իմ ընկերոջը ուրիշ բան էր թվացել, հետո պարզվեց, որ դա դա չի, վսյո՛, վերջ: Բարձր տոների մեջ երկու բառ զրուցել ենք, ավարտվել է: Մի պահ է եղել, ոչ մի հրմշտոց, ոչ մի քաշքշոց»:

Հարցին՝ բարիշեցի՞ք՝ նա պատասխանեց. «Մենք ընկերներ ենք, վաղուցվա ընկերներ»»,-գրում է լրատվամիջոցը:

Նույն շարքից