Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների համար 2020 թվականից կկիրառվեն նոր որակի դրոշմապիտակներ: Այս մասին Analitik.am-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Պետական եկամուտների կոմիտեն, հաշվի առնելով հատկապես մանկահասակ երեխաների ծնողների ահազանգերը, որ ապրանքներին փակցված դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթը կարող է պոկվել և պատահարների առիթ դառնալ, խնդիրը հիմնովին կարգավորելու քայլեր է ձեռնարկել:
«Վարչապետի հանձնարարությամբ՝ Պետական եկամուտների կոմիտեն ձեռնամուխ է եղել նոր որակի դրոշմապիտակների ձեռքբերման աշխատանքներին:
ՊԵԿ նախագահի հրամանով փոխվել են դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրն ու որակը:
Առաջին փուլով դրոշմապիտակների պոլիէթիլենային թաղանթի հաստությունը 50 միկրոնից նվազեցվել է մինչև 36 միկրոնի:
Զուգահեռաբար աշխատանքներ են տարվել նոր որակի դրոշմապիտակների տեխնիկական բնութագրի փոփոխման ուղղությամբ»,-նշել է ՊԵԿ գլխավոր քարտուղար Էդգար Գևորգյանը:
Նոր դրոշմապիտակների տեխնիկական բնութագիրը մշակելիս, հաշվի են առնվել հանրության բոլոր մտահոգությունները:
Տեխնիկական նոր պահանջներ են դրվել դրոշմապիտակների տպագրությունն իրականացնող ընկերության առջև. այն պետք է լինի նոր որակի և ավելի անվտանգ:
Նոր դրոշմապիտակներն ավելի ապահով են, ունեն բարձր կպչողականություն:
Դրանք պատրաստված են բացառապես թղթային հիմքով և ընդհանրապես չեն պարունակում պոլիմերային թաղանթ:
Օգտագործվող նյութերն ու սոսինձը կիրառվում են սննդամթերքի պիտակների արտադրության մեջ, չեն պարունակում քաղցկեղածին նյութեր և թունաքիմիկատներ:
Դրոշմապիտակը բաղկացած է բազմակի պաշտպանիչ շերտերից, պարունակում է բարձր պաշտպանվածությամբ օժտված հոլոգրաֆիկ թափանցիկ շերտ:
Ի դեպ, փակցված դրոշմապիտակները հնարավոր չէ լինի ամբողջությամբ և առանց վնասելու պոկել:
ՊԵԿ-ը վստահեցնում է, որ նոր դրոշմապիտակն ավելի ամուր է կպչում ապրանքներին, և, եթե անգամ նույնիսկ այն պոկվի, և երեխաները կուլ տան, ապա առողջությանը վտանգ չի սպառնա:

All rights reserved