Հասարակություն 

Ամեն ինչ անելու ենք կրթական համակարգը բարելավելու համար. ԵՊՀ ուսանողուհի

analitik.am

Երևանում դեռ շարունակվում են ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող երիտասարդների ակցիաները:

Նշենք, որ ակցիաները մեկնարկել են նոյեմբերի 6-ին: Դրա շրջանակներում կազմակերպվել է նստացույց, երթեր և այլն:

Այսօր ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողները հայտարարեցին, որ երթով շարժվելու են այլ բուհեր:

Analitik.am-ի հետ զրույցում ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Աբրահամյանն ասաց, որ ամեն ինչ անելու են կրթական համակարգը բարելավելու համար.«Չենք թողնելու, որ Արայիկ Հարությունյանն իր անիմաստ ծրագրերով էլ ավելի փչացնի կրթական համակարգը: Պատրաստ ենք ամեն ինչի, մինչև անգամ ամիսներով նստացույցի, միայն թե նախարարը հրաժարական տա»:

Ուսանողուհին նշեց նաև, որ իր համար անհասականալին այն է, թե ինչի համար են որոշել նման փոփոխություններ անել. «Ես չեմ հասկանում, փոխարենն ավելի շատացնեն մեր հայոց լեզվի և հայոց պատմության ժամերը, որպեսզի էլ ավելի խորացնենք դպրոցից ստացած գիտելիքները՝ որոշել են ոչ պարտադիր դարձնեն: Չեմ կարծում, որ դպրոցներում ստանում ենք այնքան շատ գիտելիք, ինչքան մեզ տալիս է բուհը: Ես սկսում եմ այս ամենի մեջ ենթատեքս տեսնել, կարծես նախարարի ցանկությունն այն է, որ նոր սերունդը ավելի քիչ տեղեկացված լինի»:

Լիլիթը մեզ հետ զրույցում ավելացրեց նաև, որ անձամբ մասնակից է եղել հեղափուխությանը. «Ես օրերով ճանապարհ եմ փակել, որ այսօր մեր ժողովրդի կողմից իշխանության եկած ամեն ինչի նախարարը նման անիմաստ փոփոխություններ անի՞ ամենակարևոր ոլորտում: Ինձ թվում է, որ նա այնքան շատ է սիրում իր աթոռը, որ շատ բարդ է լինելու իրեն այնտեղից հանելը, բայց դա մեզ չի վախեցնում, մենք պատրաստ ենք ու մինչև վերջ գնալու ենք»:

Օֆելի Իսրայելյան

 

Նույն շարքից