Տեսանյութեր Քաղաքականություն 

Դուք նման իրավունք չունեք․ Միքայել Մելքումյանը՝ Իմ քայլի պատգամավորին

analitik.am

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանի ներկայացրած «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։ ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց, ԼՀԿ-ն՝ դեմ, քանի որ առաջարկները չէր ընդունվել:

Ավելի ուշ իմքայլական Վլադիմիր Վարդանյանը չկարողացավ չանդրադառնալ քվեարկությանը՝ աչք փակելով այն բանի վրա, որ այլ հարց է քննարկվում. «Մենք գործ ունենք սահմանադրական օրենսդրության հետ և մենք խոսում ենք խորհրդարանական երկիր կառուցելու մասին:

Մենք խոսում ենք խորհրդարանի դերի բարձրացման մասին, մենք խոսում ենք նրա մասին, որ ոչ թե կաբինետիզմ պետք է լինի ՀՀ-ում, այլ լինի ընդհակառակը: Մենք խոսում ենք խորհրդարանական վերահսկողության գործիքակազմի մասին, այն ամրացնելու մասին:

Երեկ մենք որևիցե բացասական ելույթ չենք լսել: Մենք ենթադրում էինք, որ կմիանան մեզ, սակայն դրա փոխարեն ԼՀԿ-ն դեմ է քվեարկում, իսկ ԲՀԿ-ն՝ ձեռնպահ՝ դա անելով առանց որևիցե հիմնավորման»:

ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը չկարողացավ չպատասխանել. «Պարոն Վարդանյանը ցանկանում է ցուցումներ տալ քաղաքական խմբակցություններին, դրա համար ստիպված եմ խոսել:

Պարոն Վարդանյան, դուք ի՞նչ իրավունքով եք ցուցում տալիս երկու քաղաքական ուժի՝ պահանջելով հիմնավորում ներկայացնել ձեզ, թե ոնց են քվեարկելու: Դուք ցուցում տալու իրավունք չունեք: Ամեն ինչ իր հիմնավորումն ունի: Կա քաղաքական ու մասնագիտական որոշում:

Մենք պետք է վերաիմաստավորենք մերժումների, քննարկումների որակը: Ո՞վ է ասել, որ կառավարության կամ այլ օրենքները շատ որակյալ են: Երբ մենք կողմ ենք քվեարկում, մեր կուսակցական շահը ստորադասում ենք պետական շահին: Այսինքն, այդ օրենքի մեջ կարող է ընդամենը մեկ դրույթ լինի դրական, բայց մենք կողմ ենք քվեարկում: Երբեմն կիսաարհամարհական ժպիտներ ենք տեսնում, էս ի՞նչ բան է: Եթե աշխատում ենք, եկեք աշխատենք»:

Մելքումյանը խոսեց նաև երեկ տեղի ունեցածի մասին՝ հայտարարելով, որ Գևորգ Պետրոսյանի տեսակետն ամբողջ խմբակցության տեսակետն է. «Դուք ուզում եք ցուցումներ տա՞լ, չի հաջողվելու: Մենք մեր տեսակետերը միշտ արտահայտելու ենք: Եթե դուք այդպես շարունակեք, դնելու եք պառլամենտարիզմի ճգնաժամի սկիզբը: Դա ձեզ չի հաջողվելու: Մենք միշտ մնալու ենք»:

Ելույթով հանդես եկավ նաև ԼՀԿ-ական Տարոն Սիմոնյանը:

Նույն շարքից