Քաղաքական 

ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերանայման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է. Տրայան Հրիսթեա

ՀՀ-ԵՄ հարաբերությունների վերանայման գործընթացը դեռևս ընթացքի մեջ է. այս մասին ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան հարցին,  թե արդեն իսկ հստակեցվե՞լ են այն ոլորտները, որոնց շրջանակներում Հայաստանը և ԵՄ-ն պետք է շարունակեն իրենց համագործակցությունը՝ հաշվի առնելով ԵՄ-ի կողմից հնչեցվող այն հայտարարությունները, թե Հայաստանը պետք է կողմնորոշվի, թե ինչ ոլորտներում է ուզում համագործակցել ԵՄ-ի հետ։

«ՀՀ-ի ու ԵՄ-ի հարաբերությունների վերանայումը դեռևս ընթացքի մեջ է՝ այլ որոշումների հետ զուգահեռ, որոնց մեջ Հայաստանը ներգրավված է։ Դա վերաբերում է ոչ միայն կոնկրետ ոլորտների ընտրությանը, այլ նաև այն ուղիներին, թե ինչպես ենք մոտենում այդ ոլորտներին։ Այդ վերանայման գործընթացին զուգահեռ մենք շարունակում ենք իրականացնել Համագործակցության և գործընկերության ծրագրի գործողությունները, որոնք ընթացքի մեջ են։ Մենք շարունակում ենք մեր գործընկերությունն ու համագործակցությունը նախկինում արդեն ընդգծված ուղղություններով և դրան զուգահեռ նոր ուղղություններ և ոլորտներ ենք հավաքում, որոնք համահունչ են նոր իրականության հետ»,-նշեց նա։

Դեսպանը նկատեց, թե ոլորտները չեն կարող հեշտ ու արագ որոշվել։ «Ինչպես դուք կարող եք ականատես լինել, մենք շարունակում ենք համագործակցությունը ոլորտային ուղղություններով՝ առանձին նախարարությունների հետ, որպեսզի կարողանանք համահունչ լինել այն որոշմանը, որը Հայաստանը կայացրել է սեպտեմբերի 3-ին։ Դա արագ իրականացվող գործողություն չէ, դա ժամանակատար աշխատանք է և երբեմն կարող է տպավորություն ստեղծվել, թե չկան այդ հարաբերությունները, դա հասկանալի է, բայց իրականում դա ընթացքի մեջ է»,-նշեց նա։

Հարցին, թե ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում հնարավոր է արդյո՞ք ԵՄ–ՀՀ համագործակցություն՝ քաղաքական մասով, Տրայան Հրիսթեան նշեց, որ գործող մանդատի շրջանակներում Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիրը չի կարող տարանջատվել Ասոցացման համաձայնագրից։ «Որովհետև այն բանակցվել է որպես Ասոցացման համաձայնագրի անբաժանելի մաս»,-նշեց նա։

Իսկ համագործակցության շրջանակը, ըստ նրա, կարող է լինել փաստաթղթերի այն փաթեթը, որ հայ գործընկների հետ արդեն իսկ համաձայնեցվել են Վիլնյուսի գագաթնաժողովին, ինչպես նաև բանակցային գործընթացներում։

«Դրա հետ մեկտեղ կա հայկական կողմի խնդրանքը, որ մեր կողմից աջակցություն տրամադրվի հետևյալ երեք ոլորտներում ժողովրդավարություն, մարդու իրավունքի գերակայություն և պայքար կոռուպցիայի դեմ»,-նշեց նա։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը հրաժարվեց որևէ գնահատական տալ նոր միության հիմնման՝ Աստանայում տեղի ունեցող գործընթացին. «Մենք դրան կողմ չենք, հարցը տվեք նրանց, ովքեր կողմ են»։

Իսկ թե Եվրասիական տնտեսական ստեղծումն արդյո՞ք նոր մարտահրավերներ կարող է առաջացնել ԵՄ-ի համար, Տրայան Հրիսթեան նշեց. «ԵՄ-ն միշտ հարգել է իր գործընկների կամքը, եթե դա նրանց ինքնիշխան ընտրությունն է, ապա ամենայն հաջողություն իրենց»։

Ի դեպ նշենք, որ դեսպանը մասնակցում էր «Աջակցություն Հայաստանում ժողովրդավար կառավարմանը»՝ 949 670 եվրո բյուջեով ծրագրի մեկնարկին, որը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից։

Լրագրողներից մեկի հարցին, թե այս ծրագրով հերթական սեպը չի՞ խրվում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություներում՝ նկատի ունենալով ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությունը, որ անհրաժեշտ է «չեզոքացնել» Հայաստանում գործող բոլոր այն հասարակական կազմակերպություններին, որոնք, դեսպանի կարծիքով, «ցանկանում են սեպ խրել ռուս-հայկական հարաբերություններում», ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, թե ինքն այդպես չի կարծում, չնայած որ չի էլ ցանկանում մեկնաբանել իր գործընկերների հայտարարությունները։ 

«Այն գործողությունները, որ մենք անում ենք, միտված չեն հաստատելու կամ հերքելու այլ գործընկերների կողմից արված հայտարարությունները։ Այդ ծրագիրը, ինչպես և մնացած գործողությունները, նորություն չեն, և մենք ինչպես աշխատել ենք, շարունակում ենք նույն աջակցությունը ցուցաբերել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ հիմք ընդունելով քաղաքացիական հասարակությունների պահանջը, որը մեր գործընկերների համագործակցությանն ամբողջությամբ համահունչ է»,-նշեց նա։

 

Նույն շարքից