Հասարակություն 

Մեր տաղավար է այցելել Սինգապուրի վարչապետը

analitik.am

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 11-13-ը Սինգապուրում  մասնակցում է «Սինգապուրյան նորարարությունների և տեխնոլոգիաների շաբաթ» համաժողովին և ցուցահանդեսին (SWITCH 2019)։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կայքից։

«SWITCH 2019»-ին մասնակցում են 100 երկրների ավելի քան 12000 ներկայացուցիչներ, այդ թվում՝ ոլորտային նախարարներ, տեղակալներ, այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, համաշխարհային հեղինակավոր ընկերությունների, կազմակերպությունների և ստարտափների ղեկավարներ։

Միջոցառման պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել նաև Սինգապուրի Հանրապետության կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներ։

«SWITCH 2019»-ի շրջանակներում մեկնարկած տեխնոլոգիական ոլորտի ցուցահանդեսում առաջին անգամ Հայաստանը հանդես է գալիս առանձին թեմատիկ տաղավարով։

«Google»-ի, «Microsoft»-ի, «IBM»-ի, «Amazon»-ի, «Master card»-ի, այլ հանրահայտ ընկերությունների կողքին մեր երկրի  տեխնոլոգիական նվաճումներն են ներկայացնում հայկական ընկերությունները, որոնք աշխատում են ռոբոտաշինության, արհեստական բանականության, թվայնացման, կիբերանվտանգության ոլորտներում, կրթական և տեխնոլոգիական ծրագրերի շրջանակներում։

Հայկական տեխնոլոգիական նվաճումները ներկայացնող մեր տաղավարը մեծ  հետաքրքրություն է առաջացրել համաժողովի մասնակիցների և ցուցահանդեսի այցելուների շրջանում։ Հայկական տաղավար են այցելել տարբեր երկրների բարձաստիճան պաշտոնյաներ, տեխնոլոգիական ոլորտի հայտնի ընկերությունների ներկայացուցիչներ։ Հայկական տաղավարում մեր երկրի գիտատեխնիկական և նորարարության նվաճումներին է ծանոթացել նաև Սինգապուրի վարչապետ Լի Սիեն Լուն։

«SWITCH 2019»-ի նպատակը ոլորտային քաղաքականություն մշակողներին և տեխնոլոգիական ձեռնարկություններին ու դրանց ղեկավարներին մեկ տեղում համախբելն է։

Այստեղ գիտական հայտնագործություններն ու նվաճումները վերածվում են տեխնոլոգիական լուծումների, որոնք փոխում են մարդկանց կենցաղն ու ապրելակերպը։

«SWITCH»-ը հնարավորություն է համագործակցության նոր ուղիների ստեղծման ու զարգացման համար։ Այն իր շուրջ է համախմբում նորարարներին, գյուտարարներին, գործարարներին ու ներդրողներին, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներին։

Նույն շարքից