Հայաստան Քաղաքական 

Լինելու եմ անզիջում. Արայիկ Հարությունյան

«Ողջամիտ քաղաքացի» երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից հրավեր էի ստացել, որը սիրով ընդունել եմ: Հանդիպումը կազմակերպվեց երեկ, և քննարկվեցին մեր հանրապետությունում կայանալիք համապետական ընտրությունները, Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում իմ թեկնածության առաջադրման որոշումը, ակնկալվող փոփոխությունները, կադրային սպասվող քաղաքականությունը և իմ գլխավորած քաղաքական թիմի կողմից նախատեսվող ծրագրերը:

Երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարել եմ, որ հաջողության դեպքում պետական կառավարման ոլորտում կադրերի հարցում լինելու եմ անզիջում, և պատասխանատու բոլոր պաշտոններում աշխատանքի հնարավորություն են ստանալու միայն նրանք, ովքեր հանրության կողմից բարի համբավ են վայելում, ովքեր պաշտոն ստանալուց հետո չեն փակվելու աշխատասենյակներում և շրջապատն ընկալելու են ծառայողական մեքենաների ապակիներից դուրս: Այո ՛, սա լինելու է կարևոր նախապայմաններից մեկը:

Հատուկ նշանակությամբ ընդգծել եմ մեր ծրագրային դրույթներից համարվող ամուսնությունների խրախուսման քաղաքականության վերանայումը: Եթե 2008թ.-ին այդ նպատակով կառավարության կողմից ներդրվեց 300.000 ՀՀ դրամի միանվագ տրամադրման ծրագիրը, որը կարևոր աջակցություն համարվեց պետության կողմից, սակայն ամբողջությամբ չլուծեց խնդրի ֆինանսական կողմը, կարծում եմ, ժամանակն է, հաշվի առնելով նաև առկա հնարավորությունները, ավելացնել այդ գումարի չափը՝ սահմանելով 1 մլն դրամ: Սակայն սա ինքնանպատակ չէ, քանի որ նոր ընտանիքների ստեղծումը և ժողովրդագրական աճին նպաստելը պետական քաղաքականության ռազմավարության կարևոր նպատակներից են: Դա նաև մեր յուրահատուկ պայքարն է ավանդական ընտանիքի՝ որպես մնայուն արժեքի հանդեպ արվող բոլոր ոտնձգությունների դեմ:

Այն կոչված է պահպանելու հարսանիքի՝ որպես նախնիներից եկած հաճելի ու պարտավորեցնող արարողության կարևորությունը՝ տոնական սեղանի շուրջ համախմբելու ծանոթ-բարեկամներին, ինչը կարծես թե կորցնում է իր տարածականությունը մեր հասարակության մեջ:

Հանդիպումից դուրս եկա բավարարվածության զգացումով, որովհետև անմիջական զրույցը ստացվեց՝ վերածվելով ակտիվ քննարկման: Ուրախ եմ և շնորհակալ, որ քաղաքական առաջիկա գործընթացներին ընդառաջ ստացա նաև «ողջամիտ քաղաքացի»-ների աջակցությունը, որովհետև երիտասարդների ողջամտությունն է առաջնորդելու մեզ մեր հետագա անելիքներում:

Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյան

Նույն շարքից