Մենք համարում ենք, որ նոր փոխնախարար կարող է պետք լինել, կարող է՝ պետք չլինել, բայց եթե պետք լինի, այդ նոր փոխնախարարը որոշակի ավելի ուրիշ պրոֆիլ է իրենից ենթադրում, քան՝ տիկին Վարդապետյանն ուներ: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ խոսելով Աննա Վարդապետյանի պաշտոնանկության մասին:
Նախարարը նշեց, որ նախկին փոխնախարարի աշխատանքից, աշխատասիրությունից, պրոֆեսիոնալիզմից դժգոհություններ չկան:
Բադասյանը նաև հայտնեց, թե ինքն է առաջարկել Վարդապետյանին, որ դադարեցնեն համատեղ աշխատանքը, որի պատճառները մի քանիսն են. «Գիտեք, որ ընդունել ենք երկու ռազմավարություն՝ հակակոռուպցիոն և դատաիրավական: Վերջինի պատասխանատուն նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանն է, իսկ հակակոռուպցիոնի մասով՝ Սրբուհի Գալյանը: Երկու մասով ըստ էության կառուցվածքային փոփոխություն անելու անհրաժեշտություն է առաջացել»:
Ավելի վաղ Analitik.am-ի հետ զրույցում Արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը, պատասխանելով հարցին, թե ինչու է պաշտոնից ազատվել Վարդապետյանը, նախ ասել էր, որ Արդարադատության նախարարությունը բարձր է գնահատում տիկին Վարդապետյանի պրոֆեսիոնալիզմն ու ներդրումը՝ հատկապես Դատաիրավական բարեփոխումների ռազմավարության մշակման աշխատանքներում:
«Խնդիրը բացառապես պայմանավորված է եղել կառուցվածքային հնարավոր փոփոխություններով, որոնք ուղղված են լինելու Նախարարության աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելուն»,-հավելել էր Մարտիրոսյանը: