Հասարակություն Տեսանյութեր 

Մելինե Դալուզյանը վաստակ ունի մեր պատմության մեջ, ես գոհ եմ, որ ֆինանսավորվել է նրա մասին ֆիլմը. Նիկոլ Փաշինյան

Այսօր՝ նոյեմբերի 13-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը ցանկացավ իմանալ, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերաբերում Մելինե Դալուզյանի մասին ֆիլմին 20 միլիոն տրամադրելուն: Երբ Պողոսյանը Դալուզյանին ներկայացրեց որպես Օլիմպիական չեմպիոնի, դահլիճում համապատասխան արձագանք եղավ, ինչից հետո վերջինս ուղղեց սխալը. «Ներողություն՝ Եվրոպայի չեմպիոն: Այդքան մի նեղվեք ԲՀԿ-ի մեր ընկերներ, շփոթվեցի, ոչինչ, մի նեղվեք»:

Նիկոլ Փաշինյանը, մոտենալով ամբիոնին, հայտարարեց, որ առաջինն ինքը նեղվեց. «Վիճակագրությունը ճիշտ բան է: Թող ոչ մի նեղվող չպահանջվի ինձանից բացի (կատակեց վարչապետը): Ֆինանսավորման վերաբերյալ որոշումների փուլում ես այդ որոշմանը տեղյակ չեմ եղել, դրանց մասին իմացել եմ աղմուկից հետո»:

Փաշինյանի խոսքերով, եթե ինքն իմանար այդ մասին, նախ կմտածեր, թե ում մասին է ֆիլմը. «Ֆիլմը մի մարդու մասին է, ով Եվրոպայի եռակի չեմպիոն է ու ռեկորդակիր: Նրա ռեկորդը մինչև հիմա շարունակում է մնալ: Նրա չեմպիոնության պատվին Հայաստանի դրոշը երեք անգամ բարձրացվել է, հիմնը երեք անգամ հնչել է:

Հաջորդ փաստը՝ մարդն ունեցել է պրոբլեմ, որն ամենևին նորություն չէ մեր իրականության մեջ: Նույնիսկ մեր բանահյուսության ու բառապաշարի մեջ այդ պրոբլեմը կա: Այն նկարագրող բառ կա, որը ես հիմա չեմ կրկնի, քանի որ ժամանակի ընթացքում վիրավորական կոնտեքստ է ձեռք բերել: Մարդն այդ պրոբլեմի պատճառով հասել է ինքնասպանության եզրին: Նույն մարդը, ում պատվին մեր դրոշը բարձրացել ու հիմնը հնչել է, մարդ, ում դիմավորել ենք, դափնեպսակ ենք տվել: Բոլորը թարս են նայել նրան, հետևից փսփսացել են՝ հասցնելով ինքնասպանության եզրին: Հետո նա հասկացել է, որ միակ ելքը Հայաստանից հեռանալն է: Իսկ պրոբլեմը բժշկական ցուցում ունեցող պրոբլեմ է: Ժամանակակից աշխարհն այն լուծելու հնարավորություն է տալիս: Չնայած մարդիկ ասում են, եթե Աստված նրան այդպիսին է ստեղծել…կներեք, բայց մեզ մոտ երեխաներ կան, ովքեր սրտի արատով են ծնվում, Աստված այդպես է ստեղծել, եկեք չբուժենք, երեխաներ կան, որ կույր են ծնվում:

Եթե օրինակ ես անհատ քաղաքացի լինեի ու իմանայի, որ կառավարությունը մերժել է ֆինանսավորել ֆիլմը, կմտածեի, որ ՀՀ կառավարությունը երախտամոռ է: Այդ մարդը վաստակ ունի մեր պատմության մեջ: Իմ պատկերացումն այնպիսին չէ, որ մենք մարդու կողքին պետք է լինենք փառքի ժամանակ, իսկ երբ պրոբլեմ ունի, մենք խաչ քաշենք նրա վրա:

Ես տեղյակ չեմ եղել ֆիլմը ֆինանսավորելու մասին որոշումից, սակայն ես գոհ եմ, որ ֆինանսավորվել է, որովհետև այդ ֆիլմի նկարահանումներին չմասնակցելը խարան կլիներ ՀՀ-ի և նրա կառավարության վրա: Ես գոհ եմ, որ ֆինանսավորել են»:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից