Էկո-մեդիա լրագրողական ցանցում տեսանյութ է հրապարակված, որում ներկայացված է, թե ինչպես են գանձագողերն ավերել Խոսրովի արգելոցում գտնվող Խաչաձոր տեղամասի Մանկուքի խաչքարերը:
Analitik.am-ի հետ զրույցում Խոսրովի արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը նշեց, որ հանձնախումբ է ստեղծվել, որտեղ ընդգրկվել են ներկայացուցիչներ Ոստիկանությունից, Ընդերքի և բնապահպանության տեսչության, Հուշարձանների պահպանության։ Այժմ բարձրանում են Մանկուքի տեղամաս՝ ուսումնասիրելու իրավիճակը:
«Մինչև չուսումնասիրեն՝ չեմ կարող ասել, թե ինչ է պատահել: Խաչաձորի տեղամասը գտնվում է դժվարամատչելի վայրում, այնտեղ հնարավոր է գնալ կամ ձիով, կամ ոտքով: Արգելոցի վարչական տարածքից Մանկուքը գտնվում է 45 կմ հեռավորության վրա»,- ասաց Հովակիմյանը՝ նշելով, որ իր աշխատած 7 տարիների ընթացքում առաջին անգամ է նման միջադեպ գրանցվում:
Դեպքը տեղի է ունեցել մի հատվածում, որտեղ ամեն օր հնարավոր չէ գնալ և աչքից հեռու է․ «Մենք թույլ չենք տալիս, որպեսզի մեքենաներ բարձրանան Մանկուքի տարածք, որովհետև վտանգավոր է: Հիմնականում ուղեփակոցներում ենք նայում»,-ասաց նա:
Հովակիմյանը հաղորդեց, որ Մանկուքի խաչքարերը բավականին հին խաչքարեր են, տարածքում գյուղատեղի է եղել: Հենց Խաչաձոր անվանումը պատահական դրված չէ, տարածքում նաև խոնարհված Սպիտակ վանք կա։
«Օրվա ընթացքում կիմանանք, թե ինչ է պատահել Մանկուքի խաչքարերի հետ»,-ասաց նա և շեշտեց, որ սերտորեն աշխատում են պատկան կառույցների հետ:
Հիշեցնենք, որ Մանկուք գյուղը գտնվում է Արարատի մարզում, Մանկուք գետի վերին հոսանքի անտառապատ հովտում, Ուրցաձոր գյուղից 26 կմ հյուսիս-արևելեք: Մանկուք գետի հովտում է գտնվում Մանկուքի հուշարձանախումբը: Խոսրով գետից ձախ, բարձր ժայռոտ սարի գագաթին տեղակայված է եղել ամրոցը`V-VIII դարեր, որն այժմ հիմնովին ավերված է։
Ստորոտում գյուղատեղին է՝ բնակելի և կենցաղային շինություններով, ինչպես նաև գերեզմանոցը։
Գյուղատեղիի հարավ-արևմտյան մասում՝ անտառոտ լանջին է գտնվում X-XIII դարերի եկեղեցի, իսկ հյուսիս-արևմտյան մասում՝ ժայռի լանջին, XIII դարի մեկ այլ եկեղեցի, որի պատերի վերին շարքերը քանդված են։
Մանկուքը, որպես բնակավայր, գոյատևել է մինչև 1950-ական թվականները։
Գոհար Ստեփանյան