Քաղաքական 

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Երևանում գեղասահքի դպրոցի հիմնարկեքին

Երեւանը գեղասահքի նոր դպրոց կունենա: Այն կբացվի 2015թ., իսկ այսօր` հունիսի 5-ին, դրա հիմնարկեքը կատարվեց հանդիսավորությամբ` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Երևանի նոր գեղասահքի դպրոցը կառուցվելու է Ծովակալ Իսակովի պողոտա 27/8 հասցեում: Դպրոցի կառուցման գաղափարը կյանքի կոչելու հարցում իր ակտիվ և անմիջական մասնակցությունն է ունեցել նաև գեղասահքի եռակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն,ՌԴ պետդումայի պատգամավոր Իրինա Ռոդնինան: Լրագրողների հետ զրույցում Ռոդնինան նշեց, որ գեղասահքի դպրոցի կառուցման գաղափարը երկար տարիներ քննարկվել է, քանի որ Հայաստանից, Երևանից միշտ եղել են լավ գեղասահորդներ, սակայն Հայաստանում միշտ խնդիրներ են եղել սառույցի հետ: «Ես մեծ հույս ունեմ, որ այս նոր դպրոցը կօգնի Հայաստանում գեղասահքի ավանդույթների վերականգմանը, հնարավոր է մեծացնի նոր չեմպիոնների, որոնցով կհպարտանան երկիրը և քաղաքը»,- ասաց Ռոդնինան:


Նա նշեց, որ Երևանում գեղասահքի դպրոցի կառուցումն իր երազանքն էր, քանի որ նմանատիպ դպրոց կառուցելու ծրագիր է եղել նաև Մոսկվայում, ինչը, սակայն, իրականություն չի դարձել: «Սակայն երբեք պետք չէ հետ կանգնել սեփական նպատակների իրագործումից, և հենց դրա շնորհիվ ինձ հաջողվեց իմ երազանքը, իմ նպատակը իրականացնել այստեղ»,- նշեց նա:

 

Ռոդնինան ընդգծեց, որ գեղասահքի զարգացման համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ բարձրակարգ սահադաշտ, իսկ երկրորդ հերթին հարկավոր են որակյալ մասնագետներ: «Հայաստաում մասնագետների առկայության առումով իրավիճակը շատ ավելի լավ է, սակայն միշտ սահադաշտի խնդիր է եղել: Սա կլինի առաջին գեղասահքի դպրոցը, այս սահադաշտը առավոտից մինչև երեկո զբաղված կլինի: Ես հույս ունեմ, որ մենք այստեղ ոչ միայն գեղասահքը կզարգացնենք, այլ նաև հոկեյը: Այս դպրոցից ամեն օր կհնչեն մանկական ձայներ, ինչը կլինի լավագույն արդյունքը»,- ասաց նա՝ հավելելով, որ երբ ամեն ինչ արդեն պատրաստ կլինի Ռուսաստանից գեղասահքի շատ մարզիչներ կժամանեն, պարապմունքներ կանցկացնեն մարզիկների հետ, հայ մարզիչների հետ կկիսվեն իրենց փորձով:




Նույն շարքից