Հասարակություն Տեսանյութեր 

Ես ուզում եմ մի մեծ մեղք խոստովանել. Արարատ Միրզոյանը մինչև վերջ չի հասկանում հայտնի ֆիլմը

analitik.am

Երբ խոսում ենք արվեստի մասին, կարող ենք տարբեր բաներ հավանել-չհավանել, հասկանալ-չհասկանալ: Ես ուզում եմ մի մեծ մեղք խոստովանել, եթե դա մեղք է: Ես չեմ կարող պարծենալ, որ ամբողջությամբ հասկանում եմ կամ հավանում եմ օրինակ Փարաջանովի «Նռան գույնը»: Կիրառական արվեստի նմուշներն ավելի շատ եմ հասկանում, իսկ «Նռան գույն»-ը՝ ոչ: Հասկանում եմ, որ սա շատ մեծ մեղք է, որ չեմ հասկանում, սակայն դա չի խանգարում մտածել, կամ կիսել այլոց միտքն այն մասին, որ սա բարձր արվեստի փառահեղ դրսևորում է: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ խոսելով Մելինե Դալուզյանի մասին ֆիլմի շուրջ ստեղծված խոսակցությունների մասին:

Միրզոյանը նշեց, որ չի համեմատում երկու ֆիլմերը, ուղղակի խտացնում է գույները, որպեսզի պարզ լինի, թե ինչ երևույթի մասին է խոսում:

Խոսելով արդեն կոնկրետ ֆիլմի մասին՝ ԱԺ նախագահը հայտարարեց, թե չգիտի՝ կհավանի արդյո՞ք ֆիլմը, թե՝ ոչ, կհասկանա՞, թե՝ ոչ. «Բայց եթե վերանանք պահպանողական, լիբերալ եզրույթներից, կարող ենք արձանագրել, որ ֆիլմեր ստեղծվում են ամենատարբեր բաների մասին: Սա կինոաշխարհ է: Ես մեկնաբանություն չունեմ: Ընդամենը կարող եմ ասել, որ բոլոր տեսակի ֆիլմերն էլ կարող են գոյություն ունենալ»:

Ինչ վերաբերում է նրան, որ Դալուզյանը դոպինգի օգնությամբ է հաջողության հասել, Միրզոյանը նշել է, որ անկախ մարզաձևից, իր համար անընդունելի է, որ ինչ-որ մարզիկ խթանիչների օգնությամբ է հաջողության հասնում. «Ինձ համար արդար խաղի սկզբունքը շատ կարևոր է, ով դոպինգով է հաջողության հասել, վատ բան է արել»:

«Տեսեք, վարչապետը խոսելով ֆիլմի մասին, նշեց մարդկային ողբերգության, հասարակական ճնշման մասին: Ինչ եք կարծում, արդյո՞ք սա մի խնդիր չէ, որի մասին արժե դիսկուրս լինի հասարակությունում: Եթե մենք խոսում ենք շատ խորքային խնդիրների մասին, հասարակական լուրջ պրոբլեմների մասին, ինչու չէ 20 միլիոն էլ կարելի է հատկացնել, որ մի պահ մարդիկ կանգ առնեն ու հայացք նետեն այդ խնդրին»:

Նույն շարքից