Բարի օր Հասարակություն 

Ցեղասպանությունից հետո աշխարհասփյուռ հայությունը կարողացավ գոյատևել բացառապես հայոց լեզվի և եկեղեցու շնորհիվ. Անի Հովհաննիսյան

analitik.am

ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.

«1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո աշխարհասփյուռ հայությունը կարողացավ գոյատևել բացառապես հայոց լեզվի և եկեղեցու շնորհիվ։ Խոսքը չի վերաբերում ֆիզիկական գոյատևմանը, այլ որպես ազգ հայերն աշխարհում մնացին և հասան 21-րդ դար, քանի որ պայքարելով պահեցին ազգայինն օտար երկրներում։

Որպես օրինակ կարող եմ բերել Սիրիայի հայկական համայնքը, որի հետ անձամբ շփվել եմ բազմիցս, ապրել եմ Սիրիայում մոտ մեկ տարի։ Ես տեսել եմ, թե ինչպես էին Հալեպի, Դամասկոսի, Քեսաբի և այլ հայաբնակ քաղաքների հայերն ամեն ինչ անում, որպեսզի հայկական դպրոցներն ավելի հզորանան, իրենց երեխաներն անպայման հայոց լեզվին տիրապետեն։

Այդ մարդիկ ամեն կիրակի պարտաճանաչ գնում էին եկեղեցի, երեխաներին փոքր տարիքից սովորեցնում, որ պարտադիր է եկեղեցի հաճախելը, հանգանակություններ անելը։ Հենց նման մոտեցման շնորհիվ են աշխարհում գոյատևել հայկական համայնքները։ Այդ մարդկանց կյանքը շատ ավելի հեշտ կլիներ, եթե ձուլվեին տեղի բնակչության հետ, շատ ավելի արդյունավետ կլիներ իրենց երեխաների համար, որ հայոց լեզուն սովորելուն հատկացրած ժամանակը տրամադրվեր այլ՝ իրենց կյանքի համար շատ ավելի պետքական առարկաներին։ Ի վերջո, անկեղծ լինենք, հայկական համայնքի ներկայացուցիչներին հայոց լեզվի իմացությունը պետք է բացառապես հայապահպանման համար։

Այսօր, երբ Հայաստանում հայոց լեզուն, հայոց պատմությունը և եկեղեցու պատմությունը փորձ է արվում երկրորդել, անտեսվում է այն կարևոր հարցը, թե ինչ լրջագույն վտանգ դա կարող է հասցնել հայկական սփյուռքին։ Ինչպե՞ս պետք է սփյուռքաբնակ հայն իր երեխային բացատրի, որ հայոց լեզվի իմացությունը պարտադիր է և կարևոր, եթե հենց Հայաստանում այն չի կարևորվում։ Սա ընդամենը շատ կարճ անդրադարձ է խնդրին, իրականում կրթական, մշակութային և բոլոր ոլորտներում վերջին շրջանում կատարվող առաջին հայացքից անհասկանալի մոտեցումները վաղուց ծրագրված և նպատակային են։ Նպատակ, որը ոչ մի կերպ չի բխում ոչ Հայաստանի, ոչ էլ աշխարհի հայերի շահերից։ Վստահ եմ՝ սա տեսնում և հասկանում են շատերը, ցավալին այն է, որ ներկայիս իշխանությունը չկարողացավ ոչ ասել ապազգային և մեր պետականությանը վնասող կառույցներին։

Կարծես թե ամեն օր էլ ավելի է հաստատվում այն, որ այս իշխանության համար չի Հայաստանն ընդամենը տարածք է, որտեղ հայեր են ապրում»։

Նույն շարքից