Քաղաքական 

Վատիկանում Արամ Ա.-ի հետ հանդիպմանը Հռոմի պապն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը

Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն Վատիկանում հանդիպել և առանձնազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, ինչից հետո նրանք եղել են Վատիկանի մեծ սրահում, որտեղ նրանց սպասել են այլ բարձրաստիճան հոգևորականներ, սփյուռքահայ գործիչներ, տեղեկացնում է կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջը:
 

Արամ Ա.-ն հիշեցրել է, որ դեռևս Կիլիկյան շրջանից սկսած հատուկ հարաբերություններ ու սերտ համագործակցություն է եղել հայ և կաթոլիկ եկեղեցիների միջև։

Իր խոսքում Վեհափառն անդրադարձել է երկու կարևոր հարցի։ Նա հիշեցրել է Միջին Արևելքի լուրջ խնդիրներն ու դրանց հետևանքները եկեղեցական կյանքի և վկայությունների համար։ 

 

Արամ Ա.-ն նաև անդրադարձել է Հայոց ցեղասպանությանն ու հիշեցրել, որ Օսմանյան Թուրքիայի իրականացրած ցեղասպանությունից հետո հայ ժողովուրդը մեկուկես միլիոն նահատակ է տվել, կորցրել է իր եկեղեցիները, մշակութային և հոգևոր արժեքները, հետևաբար` Հայոց ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը յուրաքանչյուր հայի պահանջն է։

 

Ֆրանցիսկոս պապն իր հերթին դիմել է Վեհափառ հայրապետին և ուրախություն հայտնել, որ առաջին անգամ հանդիպում է նրան։

Հռոմի պապն անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանն ու նշել, որ հայ ժողովրդի պատմությունը լի է եղել հալածանքներով և նահատակություններով։

Պաշտոնական արարողությունից հետո Արամ Ա-ն ճաշել է Պապի հետ։

 

Նույն շարքից