Հայաստան Քաղաքականություն 

Եթե «բացատրելը» չստացվեց, կկիրառեն այն «գործիքները», որոնք կիրառվում են Հրայր Թովմասյանի նկատմամբ. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկ հավանություն տվեց օրենքների նախագծերի փաթեթին, որը հանրության մեջ արդեն իսկ ստացել է ՍԴ դատավորներին օրենքով «կաշառելու» նախաձեռնություն անունը:

Փաթեթը համարվել է անհետաձգելի և կարճ ժամկետում կքննարկվի խորհրդարանում: Նախագծով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորների՝ բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ:

Մասնավորապես, առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

Այդ իրավունքից չեն կարող օգտվել «Սահմանադրական դատարանի մասին» 2017 թվականի հունվարի 17-ի ՀՕ42-Ն սահմանադրական օրենքի ուժի մեջ մտնելուց հետո ընտրված Սահմանադրական դատարանի դատավորները:

«Փաստ» թերթի տեղեկություններով, խորհրդարանական քննարկումներին զուգահեռ՝ «երազանքի ՍԴ» ունենալու համար իշխանությունները նախատեսում են անհատական «աշխատանքներ տանել» ՍԴ անցանկալի դատավորների հետ, որպեսզի նրանք կամավոր գնան թոշակի: Եթե «բացատրելը» չստացվեց, կկիրառեն այն «գործիքները», որոնք կիրառվում են Հրայր Թովմասյանի նկատմամբ:

Եթե դա էլ չօգնեց, ապա իշխանությունները եկող տարի կգնան ՍԴ-ն լուծարելու, այն է՝ Սահմանադրությամբ նոր Բարձր դատարան ամրագրելու ճանապարհով:

Մեր տեղեկություններով, այս պահին ՍԴ դատավորների մեծ մասը վիրավորական է համարում այս նախագիծը և չի պատրաստվում թոշակի գնալ»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Նույն շարքից