Հայաստան Քաղաքականություն 

Մնացել են 3 հոգի, որոնց ձերբակալությունը կարող է խլացնել հանրային դժգոհությունը՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Ակնհայտ է, որ իշխանության գործերը լավ չեն։ Նրա գլխավերևում դամոկլյան թրի պես կախված են հարցեր, որոնք նա չի ցանկանում և չի կարողանում լուծել, բայց որոնց հրատապությունը չի նվազում։

Պարզ է, որ ի վերջո մի օր Նիկոլ Փաշինյանը պետք է հստակ պատասխանի այդ հարցերին։ Օրինակ՝ հիմա Ամուլսարն աշխատելո՞ւ է, թե՞ ոչ, և ինչո՞ւ չի աշխատում։ Փորձաքննության փորձաքննություն, նոր ՇՄԱԳ, նոր քրեական գործ․ այդ ամենից բոլորը հոգնել են, բայց հստակություն չկա։

Ի վերջո, գործադիրի ղեկավարից սպասում են հստակ պատասխան՝ այո կամ ոչ։ Հստակ պատասխան են ակնկալում Ստամբուլյան կոնվենցիայի ճակատագրի հետ կապված՝ վավերացնո՞ւմ եք, թե՞ ոչ։ Սրան գումարվում է քաղաքական թիմին պահելու հրամայականը, և այստեղ արդեն երկրորդական է՝ Արայիկ Հարությունյանը ճի՞շտ է, թե՞ սխալ՝ Արայիկին պետք է պահել ատամներով։

Նա ամենահին ու հավատարիմ զինակիցն է։ Ու կարևոր չէ, թե քանի ակադեմիկոս, պրոֆեսոր կամ ուսանող է դեմ ազգային առարկաները հանելուն։ Եթե անգամ վերանանք Մելի սեռափոխության թեմայից և կենտրոնանանք նրա սպորտային անցյալի վրա, ապա հարց է առաջանում՝ ախր, նա դոպինգի սկանդալի կիզակետում է եղել, նրանից վերցրել են բոլոր մեդալները, նրա պատճառով Հայաստանի կանանց հավաքականը կարող է զրկվել 2020-ի օլիմպիական խաղերին մասնակցելուց։ Այսինքն՝ ֆիլմ մի մարզիկի մասին, որն անազնիվ է եղել իր կարիերայում և վնասել է երկրի հավաքականի, մյուս մարզիկների կարիերան։

Սրանք հարցեր են, որոնք կապ չունեն իշխանության ընդունած որոշումների հետ, որովհետև այստեղ գլխավորը դա չէ, այլ այն, որ իշխանությունը պետք է անի այն, ինչ ուզում է։ Ու երբ հանդիպում է դիմադրության, պետք է կոտրի այդ դիմադրությունը։

Եվ եթե տեսնում է, որ վատ PR է իր համար, պետք է ավելի ազդեցիկ PR քայլ մտածի։ Այդ քայլերից ամենափորձվածն ու ավանդականը նոր անձի ձերբակալությունն է։ Աղմկոտ ձերբակալության թեկնածուների ցանկը մեծ չէ։ Ըստ իս՝ 3 հոգի, որոնց ձերբակալությունը կարող է խլացնել հանրային դժգոհությունը՝ Սերժ Սարգսյան, Գագիկ Ծառուկյան և Միքայել Մինասյան։ Նրանց ժամանակին ծրագրել են ձերբակալել, բայց այս կամ այն պատճառով հետաձգել են։ Հիմա կարծես պահը հասունացել է։ Տեսնենք, թե ցանկից ում կընտրեն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից