Հայաստան Տեսանյութեր Քաղաքականություն 

Մի օր դաժան իրականությունը մեր դեմն է կանգնելու. Պատգամավորը խնդրում է բացառել թուրքի մուտքը Ջավախք

analitik.am

Վրաստանի և մասնավորապես Ջավախքի հայկական դպրոցներում վրացերենի ուսուցիչները պետության կողմից վարձատրվում են 2-3 անգամ ավելի շատ: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Շիրակ Թորոսյանը, ում խոսքերով, ինքն էլ, եթե լիներ վրացական իշխանությունների տեղը, այդպես կվարվեր, որպեսզի խթաներ վրացերենի ուսուցումը. «Բայց այստեղ խտրականություն կա: Վրաստանի հայ քաղաքացին նույնպես այդ երկրի քաղաքացին է, հարկատու է»:

Պատգամավորը հայ-վրացական հարաբերությունների համար պատասխանատու պաշտոնյաներին հորդորեց զբաղվել հարցով, բանակցել վրացական կողմի հետ, որպեսզի այս խտրական վերաբերմունքը վերացվի. «Սակայն, եթե չստացվի, երկրորդ ճանապարհը կա՝ մենք պարտավոր ենք, հայկական պետության միջոցներով, վրաց պետության հետ աշխատելով, լրացուցիչ վճարել հայկական դպրոցների հայերեն ու գրականություն դասավանդող ուսուցիչներին»:

Թորոսյանի խոսքերով, հայապահպանության խնդիր կա, եթե Ջավախքում հայապահպանության հարցը չլուծվի, այնտեղ կապրեն թուրքերն ու ադրբեջանցիները, ինչին վերջիններս ձգտում են արդեն երկար ժամանակ. «Սա պանթուրքիզմի երազանքն է: Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը լացակումած խոսում էր այն մասին, թե ինչպես Զանգեզուրը չտրվեց Ադրբեջանին, որպեսզի ապահովվեր թուրքական աշխարհի միասնությունը: Հիմա այդ միասնությունը կարող է Վրաստանի հարավով՝ Հայաստանի հյուսիսով լինել:

Խնդրում եմ իմ առաջարկն ընդունել, քայլեր ձեռնարկել՝ փորձելով խնդիրը լուծել: Մենք, Վրաստանի հետ ձեռք-ձեռքի տված, պետք է անենք ամեն ինչ թուրքի մուտքը Ջավախք բացառելու համար: Մենք այսօր կարող է, տարբեր հանգամանքներից ելնելով, դրան կարևորություն չենք տալիս, բայց մի օր դաժան իրականությունը մեր դեմն է կանգնելու, բոլորս ենք պատասխանատու լինելու»:

Նույն շարքից