ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է Ազգային անվտանգության ծառայությանը (ԱԱԾ) պարզել՝ արդյո՞ք QR ծածկագիրը կապված է «սատանայի» հետ: Նա այս մասին հայտարարել է կառավարության նիստում, գրում է Լենտան։
Փաշինյանը հանձնարարել է ԱԱԾ-ին բացահայտել «որոշակի շրջանակների և սատանայի միջև համագործակցության ձևերը»․ «Դուք ծիծաղում եք, բայց եթե խնդիրն իսկապես գոյություն ունի, ապա անհրաժեշտ է պարզել: Սա ազգային անվտանգության խնդիր է»,-ասել է նա:
ՀՀ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանն իր հերթին հաստատել է, որ Փաշինյանից ստացել է նման հանձնարարություն՝ խոստանալով զեկուցել վարչապետին արդյունքների մասին:
Փաշինյանը նշել է նաև, որ երկրում ինտերնետային գործարքների անբավարար մակարդակի պատճառը մարդկանց ցածր տեղեկացվածությունն է:
Նրա կարծիքով՝ քաղաքացիները վախենում են գործարքներ իրականացնել առցանց՝ հատկապես որոշ քաղաքական գործիչների և գործարարների շահարկումների ֆոնին: Միևնույն ժամանակ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում գործում են բազմաթիվ էլեկտրոնային ծառայություններ, բայց քաղաքացիները չգիտեն, թե ինչպես օգտագործել դրանք: