Քաղաքականություն 

Եթե Նիկոլ Փաշինյանը գար, շատ կոշտ խոսակցություն կլիներ. Վազգեն Մանուկյանը նշեց, որ հանդիպել ու հանդիպելու է բոլորի, նաև՝ նախկինների հետ

analitik.am

Ես միշտ հանդիպումներ ունեցել եմ ու միշտ ունենալու եմ: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վազգեն Մանուկյանը՝ պատասխանելով իշխանության ներկայացուցիչների «մեղադրանքներին», որ ինքը կապեր ունի նախկինների հետ:

«Երբ Ռոբերտ Քոչարյանը կարճ ժամանակով դուրս եկավ, մենք էլի հանդիպել ենք, խոսել ենք: Ես հանդիպում եմ բոլորին: Ես Նիկոլ Փաշինյանին էլ կհանդիպեմ, եթե ցանկանա: Ընդհանրապես մեջներիցդ հանեք այն, թե կա մի չար դաշտ, որին վախենալի է մոտենալ: Բոլոր մարդկանց մեջ կա սպիտակ ու սև: Բոլոր այդ մարդիկ արել են հերոսություններ ու սխալներ: Թույլ մի տվեք, որ ձեզ այդպես խաբեն»:

Հարցին, թե ինչն էր իրեն խանգարում մտահոգող հարցերը բարձրացնել Հանրային խորհրդում, որից հեռացավ օրեր առաջ, Մանուկյանը նշել է, որ ՀԽ-ի գործառույթներն ու այն, ինչ արվում է «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբում, տարբեր են, երկրորդի դեպքում քննարկումներն ավելի քաղաքականացված են. «ՀԽ-ն ունի նաև առաքելություն՝ հարցերը պետք է քննարկվեն վարչապետի հետ:

Օրինակ Սերժ Սարգսյանի ժամանակ մենք այդպիսի փակ քննարկումներ անում էինք, բավականին սուր վեճեր էին լինում: Ցավոք Նիկոլ Փաշինյանի հետ այդ ձևաչափը չստացվեց:

Ինձ համար կարևոր է, որ երկրի ղեկավարն ունենա տեսլական, թե ինչպիսի Հայաստան է ուզում կառուցել, որովհետև ղեկավարից շատ բան է կախված: Եթե մեր հրավերով գար, շատ կոշտ խոսակցություն կունենայինք, ոնցոր այստեղ, բայց չեկավ, չունեցանք»:

Նույն շարքից