Հասարակություն 

Գանձագողություն Խոսրովում. ինչպես ձիավորին և էշավորին արգելել մտնել արգելոց

analitik.am

Էկո-մեդիա լրագրողական ցանցում տեսնայութ էր հրապարակվել, ըստ որի գանձագողերը Խոսրովի արգելոցի Մանկուքի հատվածում գերեզմաններ են պղծել և խաչքարեր են ավերել: Խոսրովի արգելոցի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը դեպքի կապակցությամբ ահազանգել էր ոստիկանություն, բնապահպանության և ընդերքի տեսչություն և հուշարձանների պահպանության կոմիտե՝ տեղում հարցն ուսումնասիրելու համար։

Analitik.am-ի հետ զրույցում Խոսրովի արգելոցի տնօրեն Հրաչյա Հովկիմյանը նշեց, որ խումբը բարձրացել է Մանկուքի տարածք, որն արգելոցի վարչական կենտրոնից 45 կմ հեռավորության վրա է: Տեղում արձանագրել են, որ գերեզման է քանդված, քանդողները հասել են մարդկային ոսկորներին և այդպես էլ թողել:

Ըստ նրա, հուշարձանների գծով մասնագետն ասել է, որ տարածքում եկեղեցի է եղել, և չի բացառվում, որ գերեզմանը հոգևորականի է պատկանում:

«Մանկուքից ոչ հեռու, Խոսրովի արգելոցի հարակից տարածքում արդեն Ջղնգյոլի հատվածն է, որը համայնքային է: Ես 7 տարի պայքարում եմ, որ այդ տարածքները միացնենք արգելոցին՝ հսկողությունն ուժեղացնելու համար: Հարակից հատվածներում մարդիկ են բնակվում՝ վաղ գարնանը գալիս են, ուշ աշնանը՝ գնում: Բերում են իրենց հետ կենդանիներ ու թռչուններ, նրանց նաև իրենց ծանոթ-ազգականներն են այցելում: Կարճ ասած, հսկողությունն ուժեղացնելու խնդիր ունենք»,-ասաց նա:

Հովակիմյանը հավելեց, որ Մանկուքի տարածքում 6 ֆոտո-որսիչներ էին տեղադրել, որոնցից 5-ը գողացել են: Նա համոզված է, որ տեղանքին ծանոթ մարդիկ են եղել, ձիու և մարդու հետքեր կան և գործի բացահայտումը չի ուշանա:

Բացի այդ, ըստ արգելոցի տնօրենի, միայն Խաչաձորի տեղամասը, որի մեջ մտնում է Մանկուքը, մոտ 8 հազար հա է և ունեն ընդամենը 5 աշխատող:

«Այդ տարածքում մենք ծրագիր ենք անելու, տեսախցիկներ են տեղադրված, որոնք պետք է աշխատեն արևային էներգիայով, որ կարողանաք կապն ապահովել: Մենք կարող են օնլայն ռեժիմով նայել, թե տարածքում ինչ է կատարվում, սակայն կապի խնդիր ունենք, տեսախցիկները դեռևս միացված չեն»,-ասաց նա:

Հովակիմյանը  նաև ասաց, որ քրեական գործ է հարուցվելու, սակայն խնդիրները դրանով չեն լուծվի, եթե համայնքային հողերի հարցը չլուծվի:

«Պետք է արգելոցի պահպանությունը միասնական լինի: Խոսրովի մեջ Ջղնգյոլի հատվածը սեպաձը մտել է արգելոցի մեջ: Մարդիկ գնում-գալիս են այդ տարածքով, չենք կարող մարդկանց արգելել՝ ասել օդով գնան»,-ասաց Հովակիմյանը՝ հավելելով, որ նախ  համայնքային հողեր են, հետո արգելոցի տարածք, հետո կրկին համայնքային հողեր:

«Աբսուդր իրավիճակ է. Այդ տարածքները պետք է միացվեն Խոսրովին, որ կարողանանք միասնական հսկողություն իրականացնել: Եթե միասնական հսկողություն իրականացնենք, արդեն այնտեղ ոչ ձիավոր կթողնենք մտնի, ոչ էշավոր: Եվ թեկուզ մեկն անզգուշորեն ծխախոտ գցի, չի բացառվում, որ հրդեհ բռնկի և այն թափանցի արգելոց»,-ասաց Խոսրովի արգելոցի տնօրենը։

Գոհար Ստեփանյան

Նույն շարքից