Հունիսի 5-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 68-րդ նստաշրջանին 69 կողմ,13 դեմ և 79 ձեռնպահ ձայնով ընդունել է Վրաստանի նախաձեռնած «Աբխազիայից (Վրաստան) և Ցխինվալիի շրջանից/Հարավային Օսիա (Վրաստան) ներքին տեղահանված անձանց և փախստականների կարգավիճակի մասին» բանաձևը: Հայաստանը, ինչպես անցած տարի, այս անգամ ևս դեմ է քվեարկել բանաձևին: Դեմ քվեարկողների թվում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Կուբան, Լաոսը, Մյանման, Նուսրուն, Նիկարագուան, Հյուսիսային Կորեան, Շրի-Լանկան, Սիրիան, Սուդանը և Վիետնամը:
Բանաձևը քննադատում է Աբխազիայում և Հարավային Օսիայում, որոնք Վրաստանում 2008թ. ռուս-վրացական օգոստոսյան պատերազմից հետո օկուպացված տարածքների կարգավիճակ ունեն, բռնի ժողովրդագրական փոփոխությունները և Ռուսաստանի կողմից դրանց անկախ ճանաչելը:
Բանաձևում ընդգծվում է փախստականների՝ իրենց տներ անվտանգ վերադարձի անհրաժեշտությունը՝ անկախ նրանց էթնիկական պատկանելիությունից՝ նրանց ունեցվածքի իրավունքի հարգմամբ: Փաստաթուղթը կոչ է անում Ժնևյան բանակցությունների մասնակիցներին ակտիվացնել ջանքերը կայուն խաղաղության կառուցման, անհապաղ քայլեր ձեռնարկել այդ տարածքներում մարդկանց իրավունքների հարգման, անվտանգության պատշաճ պայմանների հարգման ուղղությամբ և այլն: Ինչպես անցած տարի, այս անգամ ևս բանաձևը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ուղղված կոչ է պարունակում մշակելու ներքին տեղահանվածների և փախստականների վերադարձի ժամանակացույց:
Պարտադիր բնույթ չկրող այս բանաձևն առաջին անգամ քվեարկության է դրվել դեռ 2008թ., երբ այն վերաբերում էր միայն Աբխազիային: Հունիսի 5-ին բանաձևն ընդունվել է արդեն յոթերորդ անգամ:
Վրաստանի արտգործնախարարությունը բանաձևին կողմ քվեարկած երկրներին շնորհակալություն է հայտնել: