Հասարակություն 

Աննա Հակոբյանն ու Դարիգա Նազարբաևան այցելել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող փոքրիկներին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 15-ին կառավարական առանձնատանը հյուրընկալել է Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:

Նախաճաշի ընթացքում տիկին Նազարբաևան պատմել է Երևան պաշտոնական այցի մանրամասները, իսկ Աննա Հակոբյանը ներկայացրել է իր ղեկավարած երկու հիմնադրամների գործունեությունն ու «Կանայք հանուն խաղաղության» արշավի առաքելությունը:

Ի հիշատակ հանդիպման, Դարիգան Նազարբաևան Աննա Հակոբյանին է նվիրել ղազախական ազգային հագուստ:

Նույն օրը տիկին Հակոբյանն ու տիկին Նազարբաևան այցելել են Պրոֆ Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն:

Կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի և «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանի ուղեկցությամբ նրանք շրջել են կենտրոնով, զրուցել բուժում ստացող երեխաների և նրանց ծնողների հետ:

Այցի ավարտին կենտրոնում բուժում ստացող 9-ամյա Լիլի Անտոնյանը տիկին Նազարբաևային է նվիրել իր հեղինակած «Տարվա 4 եղանակներ» կտավը:

Շնորհակալություն հայտնելով նվերի համար, տիկին Նազարբաևան ասել է, որ կտավում գերիշխում են պայծառ գույները, իսկ դա նշանակում է, որ կտավի հեղինակը լավատես է և շատ արագ ապաքինվելու է:

«Ուրախ մարդիկ ավելի շուտ են առողջանում»,- ասել է Դարիգա Նազարբաևան:

Տիկին Նազարբաևան ու տիկին Հակոբյանն էլ երեխաներին նվիրել են երաժշտական գործիքներ և առաջինը փոքրիկների հետ փորձարկել:

Այցի ավարտին Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահը առողջություն է կամքի ուժ և նպատակների իրականացում է մաղթել փոքրիկներին:

«Մաղթում եմ, որ շուտ ապաքինվեք, որ ձեր երազանքները կատարվեն, լավ մարդ դառնաք և որ ձեր երկիրը ձեզանով հպարտանա»,- ասել է Դարիգա Նազարբաևան:

«City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող մինչև 25 տարեկան երեխաների և երիտասարդների:

Հիմնադրամն անվճար տրամադրում է բուժում, դեղորայք, բժշկական անհրաժեշտ միջամտություններ, օրական 4-անգամյա սնունդ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական ծառայություն թե´քաղցկեղ ունեցող պացիենտներին, թե´ նրանց ընտանիքի անդամներին:

Ներկա դրությամբ հիմնադրամն աջակցում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող 240 երեխայի և երիտասարդի:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից